50 մլն դոլար կուղղվի ՀՀ ձեռնարկությունների ֆինանսավորմանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մասնակցել է Ակբա բանկի և ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) համագործակցության մեկնարկի միջոցառմանը, որի շրջանակում Ակբա բանկն ու DFC-ն ստորագրել են պայմանագիր, որով 50 միլիոն դոլար կուղղվի Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանն ու զարգացմանը։
«Ֆինանսների հասանելիությունը շարունակում է մնալ մեր տնտեսության հիմք հանդիսացող ՓՄՁ-ների առջև ծառացած հիմնական մարտահրավերներից մեկը։ Այսօր արագ փոփոխվող աշխարհում կարևոր է, որ բիզնեսներն ունենան իրենց անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսները՝ խթանելու նորարարությունը, զարգացնելու աճը և երկարաժամկետ կայունությունը ապահովելու համար»,- նշել է Արման Խոջոյանը։
Նախարարի տեղակալը համոզմունք է հայտնել, որ կհաջողվի համագործակցել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են պարենային անվտանգությունը, գյուղատնտեսությունը, ենթակառուցվածքների զարգացումը, ինչպես նաև հույս է հայտնել, որ այս պայմանագրի ստորագրմամբ նոր համագործակցությունների ճանապարհ կբացվի՝ հատկապես վարկային երաշխիքների տրամադրման ուղղությամբ, ինչի շնորհիվ հնարավոր կլինի հասցեագրել գրավադրման խնդիրները, որոնց բախվում են շատ կազմակերպություններ։
Միջոցառմանը ներկա են եղել նաև ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի փոխտնօրեն Նիշա Բիսվալը, ՀՀ-ում ԱՄՆ Արտակարգ և Լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, USAID/Հայաստանի գրասենյակի տնօրեն Ջոն Ալլելոն և «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ ղեկավար Հակոբ Անդրեասյանը։
Կարծիքներ