Ադրբեջանի զինուժը հանցագործությունները կատարել է ազգային ատելության հողի վրա. ՀՀ դատախազություն
Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության, զինծառայողների կյանքի, առողջության, գույքի, հանրային ռազմական նշանակության օբյեկտիների նկատմամբ հանցավոր ոտնձգությունների փաստերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից՝ նշելով, որ Ադրբեջանի զինուժը հանցագործությունները կատարել է ազգային ատելության հողի վրա։
«2020թ. սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի Հանրապետության սահմանագծի ողջ երկայնքով ադրբեջանական զինված ուժերը, խախտելով հրադադարի ռեժիմը, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, սկսել են լայնածավալ հարձակողական ռազմական գործողություններ:
Օգտագործելով հրետանային, հրթիռային միջոցներ, ծանր զրահատեխնիկա և մարդկային ռեսուրսներ՝ նրանց կողմից թիրախավորվել են ինչպես ԱՀ ՊԲ առաջապահ հենակետերը, ռազմական նշանակության օբյեկտները, այնպես էլ ԱՀ բնակավայրերը, խաղաղ քաղաքացիական բնակչությանը, քաղաքացիական ենթակառուցվածքները:
Այդ գործողությունների արդյունքում պատճառվել են մարդկային կորուստներ և վիրավորներ ինչպես ԱՀ քաղաքացիական անձանց, երեխաների, այնպես էլ զինվորական ծառայողների շրջանում, նյութական վնասներ են հասցվել անձանց տներին, բնակարաններին, շարժական և անշարժ գույքին, հասարակական, կրթական, ռազմական նշանակության շենք-շինություններին:
ՀՀ դատախազությունը ադրբեջանական ուժերի կողմից սանձազերծված ռազմական ոտնձգության հենց սկզբից սերտ հաղորդակցություն և գործակցություն է ծավալել Արցախի Հանրապետության իրավասու մարմինների, մասնավորապես ԱՀ դատախազության հետ՝ ծավալելով քրեադատավարական գործընթացներ հանցավոր այդ գործողությունները քննության առարկա դարձնելու, քրեաիրավական գանահատականների արժանացնելու նպատակով:
Խաղաղ բնակչության, զինծառայողների կյանքի, առողջության, գույքի, հանրային ռազմական նշանակության օբյեկտիների նկատմամբ հանցավոր ոտնձգությունների փաստերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ:
Իրականացված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներն արդեն իսկ վկայում են այն մասին, որ հանցավոր ոտնձգությունները, Ադրբեջանի կողմից իր իսկ ստանձնած միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտումներով, կատարվել և շարունակվում են կատարվել ազգային ատելության հողի վրա, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար, կյանքից մարդկանց զրկելու, գույքը ոչնչացնելու դիտավորությամբ:
ՀՀ և ԱՀ դատախազությունները շարունակում են համագործակցաբար, տեղեկատվության օպերատիվ փոխանակմամբ, իրավիճակի զարգացմանը զուգահեռ պատշաճ կերպով իրականացնել իրենց գործառույթները:
Քրեադաիրավական ոլորտում իրականացվող աշխատանքների ընթացքի և արդյունքների վերաբերյալ դատախազության, նախաքննական մարմինների կողմից պարբերաբար կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ