Երևանում ապօրինի շրջանառությունից մեծաքանակ թմրանյութ է հանվել. ձերբակալվածների մեջ կանայք կան

Երևանում ապօրինի շրջանառությունից մեծաքանակ թմրանյութ է հանվել. ձերբակալվածների մեջ կանայք կան

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի 3 բնակիչ «Տելեգրամ» հավելվածում գրանցված տարբեր էջերի միջոցով զբաղվում են թմրամիջոցների ապօրինի իրացմամբ։

Նրանցից մեկը՝ 22, մյուսները՝ 25 տարեկանեն:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Ստացված տեղեկություններն իրացնելով՝ հունիսի 21-ին, ժամը 13.30-ին, Երևանի Փիրումյան փողոցում ձերբակալվել և ոստիկանության Մաշտոցի բաժին է տեղափոխվել 22-ամյա մի երիտասարդ։

Բաժնում նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մեթամֆետամին և մարիխուանա տեսակի թմրամիջոցներ, որոնք, ըստ նախնական տվյալների, ձեռք էր բերել իրավապահների օպերատիվ տեսադաշտում հայտնված 22-ամյա իրացնողից։

Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ նույն օրը, ժամը 15.30-ին, Գյուլբենկյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և քննչական բաժին է ներկայացվել նաև իրացնողը, տվել է խոստովանական ցուցմունք: Նա նաև հայտնել է, որ տելեգրամյան հավելվածում գրանցված թմրամիջոցների անօրինական շրջանառությամբ զբաղվող էջի սեփականատեր է և էջի միջոցով տարբեր անձանց թմրամիջոցներ է իրացրել:

22-ամյա երիտասարդի հանցակիցները, իմանալով նրա ձերբակալման մասին, պայմանավորվել են հանդիպել մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի մոտ՝ թմրամիջոցները և զենք-զինամթերքը ապահով վայր տեղափոխելու նպատակով: Քրեական ոստիկանության ծառայողները նշված վայրում ձերբակալել և, մեքենաներով հանդերձ, ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել իրացման մեջ կասկածվող 25-ամյա երիտասարդներին, նրանցից մեկի կնոջն ու նրա ընկերուհուն, ինչպես նաև 35-ամյա տաքսիստին:

Նույն օրը Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում հունիսի 22-ին խուզարկություններ են կատարվել պահպանվող հատուկ տարածք տեղափոխված մեքենաներում։

Հայտնաբերվել է ընդհանուր առմամբ մոտ 16 գրամ կոկաին, 113 գրամ մեթամֆետամին, 278 գրամ մարիխուանա, էքստազի տեսակի 1346 թմրամիջոց, ինչպես նաև թմբուկավոր ատրճանակ ու 79 փամփուշտ։

Իրացման մեջ կասկածվողները ձերբակալվել են, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Ոստիկանությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառությամբ զբաղվող էջերի միջոցով տարբեր վայրերում թմրամիջոցներ տեղադրելը ևս ապօրինի իրացում է, որն արժանանում է քրեաիրավական խիստ գնահատականի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում