Վարպետության դասեր կվարեն նաև անվանի երաժիշտներ արտերկրից
«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի «Վարպետության դասերի» շարքը շարունակվում է. դասընթացավարների կազմին են միացել անվանի երաժիշտներ նաև արտերկրից:
Օգոստոսի 25-ին, 26-ին, 29-ին և 30-ին, վարպետության դասեր կանցկացնի թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր Արամ Թալալյանը: Դասընթացները կանցկացվեն Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում:
Վարպետության դասերի շարքի արտերկրյա առաջին մասնագետը աշխարհահռչակ դաշնակահար, պրոֆեսոր Թին Խուա Փընգն է: Նա Մալայզիայի UCSI երաժշտական համալսարանի դեկանն է, բազմաթիվ միջազգային երաժշտական մրցույթների ժյուրիի պատվավոր անդամ (Թայլանդ, Սինգապուր, Թայվան, Հարավային Կորեա, Չինաստան, Գերմանիա և այլն), ինչպես նաև ԱՄՆ-ի Phi Kappa Phi ազգային գիտական համայնքի անդամ։ Նրա անցկացրած դասերը երիտասարդ դաշնակահարների համար կատարողական հմտությունները կատարելագործելու բացառիկ հնարավորություն են:
Հանդիպումները դաշնակահարի հետ անցկացվելու են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում սեպտեմբերի 6-10-ը։
«Վարպետության դասերի շարք» նախագծի շրջանակում Հայաստան է ժամանել ջութակահարուհի, Լյուբեկի բարձրագույն երաժշտական դպրոցի դասախոս Աննա Մելքոնյանը: Որպես կամերային երաժիշտ և մենակատար՝ ջութակահարուհին մասնակցել է բազմաթիվ միջազգային փառատոների, դասավանդել է Իտալիայում, Ֆրանսիայում, Հունաստանում և այլն։
Աննա Մելքոնյանի վարպետության դասերը տեղի կունենան Երևանի Մ. Միրզոյանի անվան երաժշտական դպրոցում սեպտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին և 12-ին:
Նշենք, որ բոլոր վարպետության դասերի տեղերը սահմանափակ են: Գրանցվելու համար անհրաժեշտ է ձայնագրել ազատ ոճի ծրագիր, կազմել անձնական տվյալներ (անուն, ազգանուն, տարիք, գործիք, դասատու, կոնտակտային տվյալներ, երաժշտական ուսումնական հաստատություն) և նախապես ամրագրել դասը՝ անձնական տվյալները և ձայնագրության յութուբյան հղումն ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին:
Կարծիքներ