Կասեցվել են Աղավնաձոր գյուղի վարչական ղեկավարի լիազորությունները

Կասեցվել են Աղավնաձոր գյուղի վարչական ղեկավարի լիազորությունները

2021 թ. սեպտեմբերի 13-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) մասով, 314-րդ հոդվածի (Պաշտոնեական կեղծիք) 1-ին մասով, 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 38-327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված և ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել են Աղավնաձոր համայնքի նախկին ղեկավար Մ. Դանիելյանի կողմից առերևույթ լիազորությունների չարաշահման դեպքեր:

Քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Կոտայքի մարզի Մեղրաձոր խոշորացված համայնքի Աղավնաձոր բնակավայրի վարչական ղեկավար Մ.Դ.-ն, որպես Աղավնաձոր համայնքի ղեկավար պաշտոնավարման ընթացքում՝ 2014-2015թվականներին, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և նախնական համաձայնության գալով այլ անձանց հետ, համայնքի՝ որպես սոցալապես անապահով ձևակերպված 140 անձանց անվամբ կազմված բովանդակությամբ կեղծ փաստաթղթերով, մասնավորապես՝ նշված անձանց անուններով լրացված և այլ անձանց կողմից ստորագրված դիմումներով համայնքի բյուջեից ելքագրել է ընդհանուր 3.450.000 ՀՀ դրամ գումար:

Վերջինս գումարը չի փոխանցել այդ անձանց և յուրացման եղանակով հափշտակել է՝ օգտագործելով իր անձնական կարիքների համար: Այդ կերպ համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս: Դրանից բացի՝ Մ.Դ.-ն, ի պաշտոնե օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնելու լիազորություններով, շահադիտական նպատակով 2014 թ. հուլիսի 29-ին, սեպտեմբերի 4-ին և դեկտեմբերի 15-ին, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ և գրառումներ մտցնելով՝ ավագանու երեք անդամների տվյալներով կայացրել է համայնքապատկան հողամասն աճուրդային կարգով վաճառելու, ինչպես նաև համայնքային բյուջեի եկամտային մասի փոփոխություններ կատարելու և համայնքի ղեկավարի վարձատրության չափը փոխելու վերաբերյալ կեղծ որոշումներ:

Մինչդեռ նախաքննությամբ պարզվել է որ այդ որոշումների կայացման օրերին տվյալ անձանցից 2-ը բացակայել են հանրապետությունից, իսկ երրորդն ընդհանրապես չի մասնակցել ավագանու նիստերին, և կեղծվել են նրանց ստորագրությունները: Նշված արարքները կատարելու վերաբերյալ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ 2021թ. հոկտեմբերի 21-ին Մ. Դ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1- ին (Պաշտոնեական կեղծիք) մասով և 179-րդ հոդվածի (Յուրացնել կամ վատնել) 3-րդ մասի 1-ին կետով:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, և, նկատի ունենալով, որ նախաքննության ընթացքում իր աշխատանքային լիազորություններն իրականացնելով՝ նա կարող է խոչընդոտել քննությանը՝ 2021 թ. հոկտեմբերի 14-ին վարույթն իրականացնող քննիչի կողմից, դատախազի համաձայնությամբ, որոշում է կայացրել Մեղրաձոր համայնքի Աղավնաձոր գյուղի վարչական ղեկավար Մխիթար Դանիելյանի լիազորությունները կասեցնելու մասին, որն ուղարկել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ այն հաստատելու հարցը քննարկելու համար:

Դատարանը 2021 թ. հոկտեմբերի 16-ի որոշմամբ Մ.Դ.-ի լիազորությունները կասեցնելու մասին որոշումը վերացրել էր, որի դեմ գործով հսկողություն իրականացնող դատախազի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք: ՀՀ վերաքննիչ դատարանը դատախազության բողոքը բավարարել է։ Նախաքննությունը շարունակվում է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում