ԱՆ-ն հորդորում է զերծ մնալ անհայտ ծագման բուսատեսակների օգտագործումից

ԱՆ-ն հորդորում է զերծ մնալ անհայտ ծագման բուսատեսակների օգտագործումից

Ապրիլի 19-ին Գետահովիտ համայնքի 4 բնակիչ (նույն ընտանիքի անդամներ՝ հայր, մայր, որդի և դուստր) սննդային թունավորում նախնական ախտորոշմամբ շտապօգնության մեքենայով ընդունվել են Իջևանի բժշկական կենտրոն։ Դուստրը (ծնված 2009 թվականին), ցավոք, մահացել է։

 

Ընտանիքի 3 անդամը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել են Երևանի առաջին համալսարանական և Մուրացանի բժշկական կենտրոններ։ Բոլորն արդեն դուրս են գրվել։

 

Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից իրականացված դեպքի համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ տուժածները կերել են այգուց հավաքած կանաչեղենի տապակա («գինազոխ» անվանմամբ), որն էլ հանդիսացել է թունավորման հավանական պատճառ։

 

Լաբորատոր հետազոտություններ կատարելու նպատակով սննդից վերցվել են փորձանմուշներ։ Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ գինազոխի 3 նմուշն էլ (հում, շոգեխաշած և տապակած) ունի սուր թունավոր ազդեցություն։

 

Սննդային թունավորումներից խուսափելու նպատակով առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հորդորում է զերծ մնալ անհայտ ծագման բուսատեսակների օգտագործումից, թունավորման ախտանշանների ի հայտ գալու դեպքում անմիջապես դիմել բժշական օգնության և չզբաղվել ինքնաբուժմամբ։

 

Նշենք, որ գինազոխում կա 8 տեսակի ալկալոիդ։ Դրանցից երկուսը գամա կոնիկեինը և կոնինը, որոնք ամենամեծ քանակությամբ են, շատ թունավոր են։ Կոնինը խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի գործունեությունը և վտանգավոր է մարդու առողջության համար։

 

Կոնինն արգելակում է նյարդամկանային սինապսները, ունենալով կուրարեին նմանվող ազդեցություն, առաջացնելով շնչառական մկանների պարալիչ, որը թթվածնի պակասի պատճառով առաջացնում է մահ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում