Պատգամավորների մի մասը ստորագրել է Արցախի ճանաչման վերաբերյալ հայտարարության նախագիծը

Պատգամավորների մի մասը ստորագրել է Արցախի ճանաչման վերաբերյալ հայտարարության նախագիծը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը եւ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հոկտեմբերի 25-ին հանդիպել են Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակության հետ:

Շուրջ 20 հոգուց կազմված պատվիրակությունը հոկտեմբերի 25-27-ը կլինի Հայաստանի եւ Արցախի հանրապետություններում, կունենա մի շարք հանդիպումներ: Պատվիրակության անդամները Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի «Առաջ, Հանրապետություն», «Ժողովրդավարական շարժում»,«Հանրապետականներ»,«Սոցիալիստներ, բնապահպաններ եւ հանրապետականներ», «Ժողովրդավարների եւ անկախականների միություն» եւ «Ժողովրդական շարժման միություն» գործող եւ նախկին քաղաքական խմբակցությունների պատգամավորներ են: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, ողջունելով Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներին ՀՀ Ազգային ժողովում, շնորհակալություն է հայտնել նրանց այս դժվար պահին հայերի կողքին լինելու, իրերն իրենց անունով կոչելու համարձակության ու համամարդկային արժեքները պաշտպանելու համար: Խորհրդարանի փոխնախագահը մանրամասներ է ներկայացրել Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակից՝ նշելով, որ հայ բնակչության նկատմամբ տեղի ունեցող գործընթացները պայմանավորված են նրանց ինքնությամբ:

Լենա Նազարյանն ընդգծել է, որ Ադրբեջանը թիրախավորել է նաեւ խաղաղ բնակչությանը՝ կիրառելով արգելված զինատեսակներ, ինչպես նաեւ հայ ռազմագերիների նկատմամբ դրսեւորել է վայրագություններ ու անմարդկային վերաբերմունք: «Մենք տարածքի համար չենք պայքարում, այլ մեր լինելիության, ինչի դեմ էլ դուրս են եկել Ադրբեջանը, նրա ռազմական ու քաղաքական աջակից Թուրքիան, որը տարածաշրջան է բերել վարձկաններ Սիրիայից, Պակիստանից, Աֆղանստանից ու Լիբիայից: Այսօր, ավելի քան երբեւէ, Արցախի Հանրապետության բնակչության կյանքի իրավունքն ու անվտանգությունը պահանջում է միջազգային հանրության հրատապ եւ հստակ քայլերը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում