ՀՀ նախագահը Շվեդիայի դեսպանին մանրամասներ է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի պատմության և բովանդակության վերաբերյալ

ՀՀ նախագահը Շվեդիայի դեսպանին մանրամասներ է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի պատմության և բովանդակության վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Շվեդիայի թագավորության Ազգային տոնի կապակցությամբ ընդունել է Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին:

Վահագն Խաչատուրյանը մասնավորապես ասել է. 

«Շնորհավորում եմ Ազգային տոնի կապակցությամբ և հղում եմ իմ լավագույն մաղթանքները Ձեզ, Ձեր երկրին, ժողովրդին, մաղթում եմ խաղաղություն, բարօրություն: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել այն աջակցության համար, որ Շվեդիան ցուցաբերում է Հայաստանի Հանրապետությանը, որն ուղղված է մեր երկրում և տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և, իհարկե, մեր ժողովրդի համար բարեկեցիկ կյանքի ապահովմանը»:

Դեսպան Պատրիկ Սվենսոնը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին ընդունելության և շնորհավորանքի համար և նշել է, որ իր համար մեծ պատիվ է հյուրընկալվել նախագահի նստավայրում:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Շվեդիայի միջև համագործակցության օրակարգային հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանային իրողություններին:

Հանրապետության նախագահը մանրամասներ է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդրի պատմության և բովանդակության վերաբերյալ:

Դեսպան Սվենսոնն իր խոսքում շեշտել է, որ Շվեդիան աջակցում է տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հասնելու Հայաստանի դիրքորոշմանը:

Երկուստեք ընդգծվել է միջազգային տարբեր հարթակներում Հայաստանի և Շվեդիայի սերտ համագործակցության խթանման կարևորությունը:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման շուրջ Հայաստանի մոտեցումների վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում