Ամբողջությամբ հիմնանորոգվում է Հանրապետության հրապարակի մետրոյի քարե շինությունը

Ամբողջությամբ հիմնանորոգվում է Հանրապետության հրապարակի մետրոյի քարե շինությունը

Երևանյան լիճ թափվող կոյուղաջրերի խնդիրը լուծելու համար Հրազդան գետի երկայնքով նոր կոյուղագիծ կառուցելու ծրագիր կիրագործվի: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է դեռևս տարիներ առաջ արված նախագիծը կյանքի կոչելու նպատակով առաջիկա տարիների համար նախանշել փուլային լուծումներ:

 

Ամբողջությամբ հիմնանորոգվում է Հանրապետության հրապարակի մետրոյի քարե շինությունը: Առաջին փուլով մաքրվել է տարածք, հղկվել և փոխարինվել են տուֆե սալիկները, ծրագրի երկրորդ փուլով, որն արդեն մեկնարկել է, նախատեսվում է նաև կանաչ գոտու վերականգնում ու եզրաքարերի փոխարինում: Տարեկան ծրագրով բարեկարգ ու հարմարավետ պայմաններ կապահովվեն նաև Աբովյան պուրակում:

 

Ընթացիկ տարում կնորոգվի Շտապբուժօգնության ծառայության շենքի տանիքը: Հանձնարարվել է նախագծային աշխատանքներում հաշվի առնել նաև էներգախնայողության բաղադրիչը, ինչը հնարավորություն կտա ծրագիրն իրագործել ՄԱԿ-ի հետ համատեղ:

 

Վարչական շրջաններում շարունակվում է բազմաբնակարան շենքերի աղբախցերի փակման գործընթացը: Այս պահին քաղաքում մնացել է 64 գործող աղբախուց:

 

Այսօրվանից մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման դիմումների ընդունումը: Հայտերն ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ մինչև հունիսի 7-ը: Հարցերի դեպքում քաղաքապետարանի հանրակրթության վարչության մասնագետները պատրաստ են ուսուցիչներին տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն և աջակցություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում