Ութ օրից պետք է զորացրվեր. armeniasputnik.am
Կրտսեր սերժանտ, ժամկետային զինծառայող Գրիշա Մաթևոսյանը, որը զոհվել է Ադրբեջանի զինված ուժերի սկսած հրաձգության ընթացքում, ծնունդով Սյունիքի մարզի Սիսիան համայնքից էր։ Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի մամուլի քարտուղար Անի Սիմոնյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ երիտասարդը պետք է զորացրվեր մոտ մեկ շաբաթ հետո։
«8 օրից պետք է զորացրվեր։ Սարսափելի ողբերգություն է, խոսք չկա։ Այնքան հետաքրքրություններ ուներ կյանքում, ֆուտբոլիստ էր, շատ ընկերներ ուներ․․․ Չհասցրեց լրացնել իր կենսագրությունը․․․»,-ասաց Սիմոնյանը։
Գրիշան 20 տարեկան էր։ Նրա հայրը՝ Վահանը, անհատ ձեռներեց է, մայրը՝ Արմինեն, տեղի դպրոցներից մեկում անգլերենի ուսուցչուհի։ Գրիշան 18-ամյա եղբայր ունի, որը շուտով կզորակոչվի բանակ։ Գրիշային անվանակոչել են պապի պատվին, որը նույնպես նրանց հետ է ապրում։
«2017թ․-ին նա ընդունվեց ԵՊՏՀ-ի մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ։ Իսկ 2018թ․-ի ամռանը զորակոչվեց բանակ»,-պատմեց Սիսիանի ղեկավարի մամուլի քարտուղարը։
Սիսիանի ավագ դպրոցի (որն ավարտել է Գրիշան) ֆեյսբուքյան էջում նրա մասին սրտառուչ գրառում են արել։
«Գրիշան մեր բոլորի հուշերում կմնա որպես կենսուրախ, խելացի և պայծառ երիտասարդ։ Դեռ ինչքան երազանքներ ուներ, որ անկատար մնացին…
Նա ընկավ հանուն հայրենիքի և բռնեց հավերժության ճանապարհը։
Ննջիր խաղաղությամբ, սիրելի Գրիշա, քո անունը հավերժ կմնա մեր սրտերում»,-նշված է գրառման մեջ։
Կրտսեր սերժանտներ Գրիշա Մաթևոսյանը և Սմբատ Գաբրիելյանը զոհվել են հակառակորդի կրակից հուլիսի 14-ին, հայ-ադրբեջանական սահմանին` Տավուշի մարզում։ Նույն օրը, ավելի վաղ, Ադրբեջանի կողմից սկսված հրաձգության պատճառով զոհվել են մայոր Գարուշ Համբարձումյանը և կապիտան Սոս Էլբակյանը։
Կարծիքներ