Կառավարությունն Արցախի բնակչությանը հատկացնում է ևս 8,8 մլրդ դրամ. ընդհանուր հատկացումները հասնում են 83 մլրդ դրամի

Կառավարությունն Արցախի բնակչությանը հատկացնում է ևս 8,8 մլրդ դրամ. ընդհանուր հատկացումները հասնում են 83 մլրդ դրամի

Կառավարությունն Արցախի բնակչությանը հերթական աջակցությունը հատկացնելու որոշում ընդունեց: Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ այս որոշման նպատակն Արցախի բնակչության 2021թ. հուլիս ամսվա Էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների ծախսերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության 2021 թ. պետական բյուջեով նախատեսված հուլիս ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության ծախսերի ֆինանսավորման համար ֆինանսավորում տրամադրելն է։

«Նախատեսվում է հատկացնել 8,8 մլրդ դրամ, որից 1,2 մլրդ դրամը կօգտագործվի բնակիչների կողմից կոմունալ վճարների վճարմանը, իսկ մնացածը՝ միջպետական վարկի տրամադրման շրջանակում կհատկացվի Արցախի Հանրապետությանը:

Այս տարվա Արցախին հատկացվող միջպետական վարկն ունեցել է նույն տրամաբանությունը, ինչ մինչ պատերազմը, և այն գրեթե ամբողջությամբ սպառվել է առաջին կիսամյակում, քանի որ սեփական տնտեսությունը նոր եկամուտներ հնարավորություն չի ունեցել գեներացնել: Դրանով պայմանավորված լրացուցիչ պետական վարկի տրամադրելու անհրաժեշտություն է առաջացել»,- ասաց Ջանջուղազյանը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ այս որոշմամբ Արցախին հատկացվում է ևս 8,7 մլրդ դրամի միջպետական վարկ: «Նոյեմբերից հետո իրականացվել է 14 ծրագիր: Ընդհանուր առմամբ այս պահին ծախսվել է 53 մլրդ դրամ»: Նա թվարկեց, թե ինչ աջակցության ծրագրեր են իրականացվել Արցախում պատերազմից հետո՝ նշելով, որ, ընդհանուր առմամբ շուրջ 74 մլրդ դրամի աջակցման ծրագրեր են կյանքի կոչվել:

«Դրան գումարվում է նաև այս 8,8 մլրդ դրամը, և կարող ենք արձանագրել, որ Արցախին մեր աջակցության փաթեթը կազմում է արդեն 83 մլրդ դրամ, որից 52 մլրդ դրամն արդեն ծախսվել է: Այդ ծրագրերը պետք է վերանայման ենթարկվեն, որպեսզի վերականգնման ծրագրերը փոխարինվեն զարգացման ծրագրերով, որպեսզի Արցախի տնտեսությունը սկսի աշխատել, գումարներ գեներացվեն, իսկ մեր աջակցությունը ծախսվի զարգացման ծրագրերի վրա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում