ԱԺ պատգամավորները ՀՀ-ում Շվեդիայի դեսպանի հետ հանդիպմանը բարձրաձայնել են հայ ռազմագերիների հարցը
Փետրվարի 23-ին տեղի է ունեցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության հանդիպումը ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի հետ:
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը: Մասնավորապես, բարձրաձայնվել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների հարցը՝ նշելով, որ Ադրբեջանը, հրաժարվելով վերադարձնել հայ ռազմագերիներին, ոտնահարում է նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը:
Հայաստանյան պատվիրակության անդամները կարևորել են, որ միջազգային հանրությունը թիրախային և հասցեական ճնշումներ գործադրի Ադրբեջանի նկատմամբ՝ կատարելու եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները:
Նշվել է, որ Արցախի հարցի վերջնական կարգավորման հիմքում պետք է դրված լինի Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը, կարգավորման հարցը պետք է գտնվի ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձեւաչափում:
«Մարդասիրական խնդիրները պետք է կարգավորվեն ինչպես միջազգային մարդասիրական իրավունքի, այնպես էլ եռակողմ հայտարարության հիման վրա: Խաղաղությունն այլընտրանք չունի և պետք է բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի այն հաստատուն լինի»,- իր խոսքում նշել է դեսպանը:
Կարծիքներ