Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը Աշխարհի առաջնությունում 4-րդ տեղն է զբաղեցրել
Բելգիական Անտվերպեն քաղաքում մեկնարկեցին մարմնամարզության աշխարհի վարկանիշային առաջնության առանձին գործիքների եզրափակիչները:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` աշխարհի 52-րդ առաջնության նժույգ-թափերի վարժության եզրափակիչ էր դուրս եկել նաև Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը:
Վերջինս եզրափակիչում հավաքեց 14.600 միավոր և գրավեց 4-րդ հորիզոնականը: Առաջին տեղում Իռլանդիայի ներկայացուցիչ Ռեյս Կլենաչեն է`15.100 միավորով:
Մինչ այս կայացել է առանձին գործիքների տղամարդկանց ազատ վարժության եզրափակիչը, որտեղ առաջին տեղը զբաղեցրեց Իսրայելի ներկայացուցիչ Արտեմ Դոլգոպյատսը, ով հավաքեց 14.866 միավոր:
Եվ կանանց հենացատկում անգերազանցելի էր Բրազիլիայի ներկայացուցիչ Ռեբակա Անդրադեն (14.750 միավոր), ով իր հետևում թողեց արդեն իսկ բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր մարզիկ Սիմոնա Բայլսին ԱՄՆ-ից:
Առանձին գործիքների եզրափակիչ է դուրս եկել նաև Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը: Վերջինիս մասնակցությամբ հենացատկի վարժության եզրափակիչը կկայանա հոկտեմբերի 8-ին:
Արթուր Դավթյանը արդեն իսկ նվաճել է Փարիզի 33-րդն Օլիմպիական խաղերի ուղեգիր: Այս խաղերը 4-րդն են Դավթյանի կարիերայի ընթացքում:
Կարծիքներ