Արաբական Միացյալ Էմիրությունների թագաժառանգը կայցելի Թուրքիա
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) թագաժառանգ Մուհամմադ բին Զայեդ ալ-Նահյանը նոյեմբերի 24-ին այցելելու է Թուրքիա: Ermnihaber.am-ի հաղորդմամբ՝ նախատեսված է հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Սպասվում է, որ երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները կքննարկեն տնտեսական համագործակցության և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերը:
Տնտեսական համագործակցության տեսանկյունից նշվել է, որ ԱՄԷ թագաժառանգը պատրաստվում է 10 մլրդ դոլարի ներդրումներ կատարել Թուրքիայում: Երկկողմ տնտեսական համագործակցության օրակարգում ներառված է լինելու ԱՄԷ-Թուրքիա նոր տրանսպորտային ուղու գործարկման հարցը:
Ըստ այդմ՝ ԱՄԷ-ն ցանկանում է Սուեզի ջրանցքով Շարժայից դեպի թուրքական Մերսին նավահանգիստ ուղին փոխարինել ԱՄԷ-Իրան-Թուրքիա ճանապարհով: Պատճառն այն է, որ Սուեզի ջրանցքով դեպի Թուրքիա երթուղին տևում է 20 օր, իսկ Իրանով՝ 6-8 օր:
Ըստ հրապարակման՝ Իրանը պաշտոնապես հայտարարել է, որ ԱՄԷ հետ այդ հարցով համաձայնության են եկել:
Մեկ այլ կարևոր հարց էլ վերաբերում է երկկողմ հարաբերությունների լարվածության նվազեցմանը:
Հիշեցնենք, որ այս երկրների միջև հարաբերությունները լարվել են Եգիպտոսում ռազմական հեղաշրջման փորձին ԱՄԷ-ի ցուցաբերած աջակցությունից հետո: Լարվածությունն էլ ավելի էր խորացել 2016 հուլիսի 15-ին Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո, քանի որ Թուրքիան ԱՄԷ-ին մեղադրում էր հեղաշրջման փորձի կազմակերպման գործում մասնակցություն ունենալու մեջ:
Կարծիքներ