«Ցրվենա Զվեզդա» – «Փյունիկ» հանդիպումից առաջ կայացել է Եղիշե Մելիքյանի նախախաղային ասուլիսը
Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի «Ցրվենա Զվեզդա» – «Փյունիկ» խաղից առաջ կայացել է երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի նախախաղային ասուլիսը:
Առաջին հարցն այն մասին էր, թե արդյոք Մելիքյանը հիշո՞ւմ է 16 տարի առաջ Սերբիայի հավաքականից կրած պարտությունը.
«Մեզ հաղթանակ է պետք ու մոտիվացիայի կարիք չունենք, որ հիշեցնեք 16 տարի առաջ ինչ է եղել: Մեզ համար կարևոր է, որ լավ արդյունքի հասնենք: «Ցրվենա Զվեզդան» ուժեղ թիմ է, իսկ ֆուտբոլում լինում է, որ թույլ թիմը հաղթում է ուժեղագույնին: Հենց այս ամենը հիշելով՝ մենք ցանկանում ենք հաղթել»,- նշել է Մելիքյանը։
Խոսելով մրցակցի մասին՝ մարզիչն ասել է. «Ամենաուժեղ թիմն էլ ունի իր թույլ կողմերը: Իդեալական թիմեր չկան: Կարող եմ ասել, որ մեր մրցակիցը խաղում է շատ դժվար սխեմայով: Չգիտեմ՝ որքանով կստացվի իրագործել մեր ծրագիրը խաղադաշտում, բայց մենք հաստատ գիտենք, թե ինչ է պետք անել: Մենք մեծ հարգանք ունենք «Ցրվենա Զվեզդայի» նկատմամբ, քանի որ մեծ ակումբ է: Որակյալ ֆուտբոլիստները շատ են, ու համագործակցությունը խաղացողների միջև շատ բարձր է, բացի այդ, ուժեղ է նաև անհատական խաղը: Մենք ունենք պլան, ու կա վստահություն, որ կարող ենք մեր խաղը ցույց տալ ու մեր անակնկալները մատուցել մրցակցին:
Վախ հասկացությունը կյանքում շատ վատ բան է ու հատկապես՝ սպորտում: Ես ու իմ թիմը չենք կարող վախ ունենալ: Սպորտում միայն հաղթանակներով չէ, մենք կարող ենք ընդունել պարտությունը, բայց պետք է պահենք այս հոգեբանությունը՝ որ պայքարելու ենք մինչև վերջ ու չկորցնենք թիմային ոգին»,-ասել է Մելիքյանը:
Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի «Ցրվենա Զվեզդա» – «Փյունիկ» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 3-ին Բելգրադում: Խաղը կսկսվի Երևանի ժամանակով 22:45-ին:
Կարծիքներ