Վարչապետի աշխատակազմից հերքում են լուծարված ընկերության հետ ավելի քան 106 միլիոն դրամի պայմանագիր կնքելու լուրը

Վարչապետի աշխատակազմից հերքում են լուծարված ընկերության հետ ավելի քան 106 միլիոն դրամի պայմանագիր կնքելու  լուրը

Մամուլում տարածված լուրը, թե վարչապետի աշխատակազմն ավելի քան 106 միլիոն դրամի ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել գործունեությունը դադարեցրած ընկերության հետ, չի համապատասխանում իրականությանը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ավելի վաղ Lurer․com կայքը, հրապարակելով տվյալներ Պետական ռեգիստրից,  գրել էր, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը ծառայությունների մատուցման վերաբերյալ 106 միլիոն 800 հազար դրամի պայմանագիր է ստորագրել «ԱՌՏԱ» ՍՊԸ-ի հետ, որի գործունեությունը դադարեցված է։

Վարչապետի աշխատակազմից պարզաբանել են, որ Պետական ռեգիստրում կա երկու գրանցված ընկերություն՝ «ԱՌՏԱ» ՍՊԸ անունով։ Վարչապետի աշխատակազմը պայմանագիր է կնքել այն ընկերության հետ, որը գործող ընկերություն է։  Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ներկայացրեցին նաև տվյալներ, որոնք հավաստում են, որ Պետական ռեգիստրում գրանցված է «ԱՌՏԱ» ՍՊԸ անունով ընկերություն, որի գործող ընկերություն է։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում