Ծնողին հորդորել ենք չկառուցել դամբարանատիպ շիրմաքար՝ ստվերելով այլ շիրմաքարեր, բայց չի լսել խնդրանքը. ՊՆ պարզաբանումը
Պաշտպանության նախարարությունն անդրադարձել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի արժանացած Նարեկ Գևորգյանի գերեզմանաքարի ապամոնտաժման հարցին: Հերոսի ծնողներն այցելել էին «Եռաբլուր» զինվորական պանթեոն և տեսել ապամոնտաժված շիրամաքարն ու բողոքի ակցիա իրականացրել կառավարության շենքի առաջ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է նախարարի խորհրդական Վարդան Ավետիսյանի պարզաբանումը՝ 44-օրյա պատերազմում զոհված և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված Նարեկ Գևորգյանի գերեզմանը սահմանված ընդհանուր չափորոշիչներին համապատասխանեցնելու որոշումը:
«Ծնողին բազմիցս հորդորել ենք ու փոխանցել հարակից շիրմաքարերի ծնողների հորդորներն ու խնդրանքները, որպեսզի դրանք հարգվեն, ինչպես նաև՝ ՊՆ-ի սահմանած պայմանները պահպանվեն, սակայն Ռոման Գևորգյանը, չանսալով մեր խնդրանքներին, շարունակել է դամբարանատիպ շիրիմ կառուցել՝ երկու հսկա սյուներով, որը, բնականաբար, ստվերել է կողքի շիրիմները, իսկ հետևի հատվածում գտնվող շիրիմներն ընդհանրապես չեն երևում:
Այդ պարագայում տեղին են եղել ծնողների բողոքները, փոխանցել ենք դրանք: Բոլորովին կապ չունի, թե Ռոման Գևորգյանը ֆինանսական ինչ ներդրումներ է կատարել այդ շիրմաքարը պատրաստելու համար, կան բազմաթիվ ծնողներ, որոնք ֆինանսական նման հնարավորություններ չունեն, իսկ դա չի նշանակում, թե ինքը պետք է գերագնահատի իր ֆինանսական կարողությունները և նման քայլի գնա:
Սակայն ծնողն անդրդվելի է մնացել, ինչի պատճառով Պաշտպանության նախարարությունը որոշում է կայացրել սահմանված չափորոշիչներին համապատասխանող շիրմաքար կառուցել՝ մնացած բոլորի հետ համապատասխանեցնելու սկզբունքով: Օգոստոսի վեցից մինչև ապամոնտաժման օրը բազմիցս ենք հորդորել և խնդրել: Բոլոր ծնողներն ընդունել են նախարարության չափորոշիչները, բայց ինքը բոլորից տարբերվում է, իսկ դրա արդյունքը եղավ այն, ինչ եղավ»,- ասել է նախարարի խորհրդականը:
Կարծիքներ