Դատապարտված անձանց արտահանձնումը դուրս է մեր լիազորություններից. ԱԱԾ-ն՝ 2 քրդերի՝ Թուրքիային արտահանձնելու գործի մասին
Հաշվի առնելով սոցիալական ցանցերում, զանգվածային լրատվության տարբեր միջոցներով հասարակա-քաղաքական գործունեություն իրականացնող որոշ անհատների կողմից ազգությամբ քուրդ Աթիլլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին Թուրքիային արտահանձնելու վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հասցեին հնչեցվող քննադատությունները՝ ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ շրջանառվող ստահոդ լուրերը ոչ միայն չեն համապասխանում իրականությանը, այլև չունեն որևէ իրավական հիմք:
Ըստ ԱԱԾ-ի՝ դրանցով փորձ է կատարվում թիրախավորել Ծառայությանը։
Տեղեկացվում է, որ քրեական վարույթների շրջանակներում դատապարտված անձանց հանձնման գործընթացը դուրս է Ծառայության լիազորությունների շրջանակից։
Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ պետական կառույցների հեղինակությունը արատավորող երկրի արտաքին անվտանգությունը խաթարող ապատեղեկատվություն տարածելու անթույլատրելի գործելաոճից և զգուշացնում է, որ Ծառայությունն իր լիազորությունների շրջանակում ստուգողական գործողությունների միջոցով հետամուտ է լինելու պարզելու ստահոդ լուրեր տարածողների իրական շարժառիթները և քողարկված մղումները։
Նշենք, որ Քրդական ժողովրդական պաշտպանության ուժերի (HPG) մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտարարելով, թե Հայաստանը խախտել է միջազգային օրենքները՝ Թուրքիային փոխանցելով Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) երկու անդամների։
Հայտարարության մեջ Քրդական ժողովրդական պաշտպանության ուժերը հայտնել են, որ Աթիլլա Չիչեքը և Հուսեյն Յըլդըրըմը («Լեհեն» և «Ալիշեր» կեղծանուններով) Հայաստանից արտահանձնվել են Թուրքիա:
Նշվում է, որ վերջիններս «Հայաստանի հետ սահմանի շրջանում բախվել են հայկական պետության ուժերի հետ 2021 թվականի օգոստոսին, նրանք ձերբակալվել են, կալանավորվել և նրանց մեղադրանքներ են առաջադրվել»:
Ըստ Հայաստանի դատական տեղեկատվական համակարգում հրապարակված տեղեկատվության էլ, նրանց մեղադրանք է առաջադրվել 2021թ. օգոստոսի 16-ին Արաքս գետով ՀՀ սահմանն ապօրինի հատելու և զենքի ու զինամթերքի մաքսանենգության համար:
Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը 2022թ. հունվարին Հուսեյն Յըլդըրըմին և Աթիլ Չիչեքին դատապարտել է 7 տարվա ազատազրկման, եղել է նաև դրամական միջոցները բռնագանձելու որոշում: Ավելի ուշ Վերաքննիչ դատարանը կրճատել է ՔԱԿ երկու անդամների ազատազրկման ժամկետները՝ պայմանական ազատազրկում՝ 3 տարի փորձաշրջանով:
Կարծիքներ