«Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում կկայանա «Բարեկամության շառավիղներ» համերգը

«Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում կկայանա «Բարեկամության շառավիղներ» համերգը

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնը հյուրընկալում է Ռավեննայի հեղինակավոր փառատոնի համերգը Երևանում:

«Բարեկամության շառավիղներ» խորագրով համերգը տեղի կունենա հուլիսի 4-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Համերգը կղեկավարի մաեստրո Ռիկարդո Մուտին, որը Երևան է ժամանելու իր Լուիջի Քերուբինիի երիտասարդական նվագախմբի հետ։

Համերգին մասնակցում են Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյան), մենակատարներ սոպրանո Նինա Մինասյանը, տենոր Ջովաննի Սալան, բարիտոն Գուրգեն Բավեյանը և երգեհոնահար Դավիդե Կավալին։ Կհնչեն՝ Ֆ․ Յ․ Հայդնի, Վ․ Ա․ Մոցարտի, Ֆ․ Շուբերտի ստեղծագործությունները, ինչպես նաև կկայնա Տ. Մանսուրյանի «Քավարան» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան, որը գրվել է Ռավեննայի փառատոնի պատվերով` Դանթե Ալիգիերիի 700-ամյակի կապակցությամբ:

Իրադարձությանը աջակցում են Իտալիայի Հանրապետության մշակույթի և արտաքին գործերի նախարարությունները, Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Վենետիկի հայ մշակույթի ուսումնասիրության և վավերագրման կենտրոնը: Նման նշանակալից իրադարձությունը լուսաբանելու նպատակով Իտալիայից Հայաստան են ժամանելու մեկ տասնյակից ավելի հայտնի լրագրողներ և բարձրաստիճան հյուրեր: Համերգի նախօրեին՝ հուլիսի 3-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ, տեղի կունենա համերգ՝ ի նվիրումն և ի պատիվ Ռիկարդո Մուտիի և Ռավեննա փառատոնի։ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ նվագախումբը կկատարի Բեթհովենի թիվ 3 դաշնամուրի կոնցերտը և Բեռլիոզի «Ֆանտաստիկական» սիմֆոնիան: Երեկոյին որպես մենակատար հանդես կգա Իտալիայից Հայաստան ժամանած դաշնակահար Մայա Օհանյանը: «Երևանյան հեռանկարներ» և Ռավեննա փառատոները հանդիսանում են Եվրոպական փառատոնային ասոցիացիայի անդամներ և դասվում են Եվրոպայի լավագույն փառատոների շարքին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում