Մեր երաժշտական աշխարհը կորցրեց մի վառ անհատականություն. Արմեն Սարգսյանը ցավակցել է երգիչ Հայկոյի մահվան կապակցությամբ

Մեր երաժշտական աշխարհը կորցրեց մի վառ անհատականություն. Արմեն Սարգսյանը ցավակցել է երգիչ Հայկոյի մահվան կապակցությամբ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկ Հակոբյանի (Հայկո) անժամանակ մահվան առիթով։

«Խոր ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկ Հակոբյանի անժամանակ մահվան մասին: Մեր երաժշտական աշխարհը կորցրեց մի վառ անհատականություն, որն աչքի էր ընկնում ինքնատիպությամբ ու յուրահատուկ ճաշակով, ինչի վկայությունը հանրության կողմից սիրված նրա ստեղծագործություններն են: Հայկ Հակոբյանի երգն ու երաժշտությունը մեղեդու և հնչյունի այն երկխոսությունն էր, որ միշտ մնալու է նրա արվեստի երկրպագուների սրտերում: Ափսոսանքի խոր զգացումով ցավակցության ու մխիթարանքի խոսքերս եմ հղում Հայկ Հակոբյանի ընտանիքին, հարազատներին, բարեկամներին ու ընկերներին»,- այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Հայկոն (Հայկ Հակոբյանը) մահացել է 2021 թվականի սեպտեմբերի 29-ին՝ կորոնավիրուսային հիվանդության հետևանքով։

Սովորել է Երևանի թիվ 170, ապա՝ Թումանյանի անվան թիվ 32 միջնակարգ դպրոցներում։ 1987-ին ավարտել է Երևանի  Տ. Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցը և ընդունվել Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան։ 1996-ին «Մոսկվա-96» երգի փառատոնում արժանացել է 1-ին մրցանակին։ 1997-ին մասնակցել է Նյու Յորքի «Big Apple» երգի փառատոնին և դարձել հաղթող։ 1998-ին հայկական «Այո» երգի մրցույթում արժանացել է «Լավագույն հեղինակ-կատարող» մրցանակին։

1999-ին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 1998, 1999, 2002, 2003 և 2006 թվականներին հայկական երաժշտական ամենամյա մրցանակաբաշխությանն արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին, 2002-ին՝ «Տարվա լավագույն նախագիծ», «Տարվա լավագույն ալբոմ», 2003-ին՝ «Տարվա լավագույն տեսասկավառակ» մրցանակներին։

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում