Ադրբեջանը սպանել է գերության մեջ հայտնված Դավիթ Գիշյանին. զինծառայողի սպանության դեպքով Հայաստանը դիմել է ՄԻԵԴ

Ադրբեջանը սպանել է գերության մեջ հայտնված Դավիթ Գիշյանին. զինծառայողի սպանության դեպքով Հայաստանը դիմել է ՄԻԵԴ

Ադրբեջանը կոպտորեն խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և սպանել գերության մեջ հայտնված զինվորին: Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը «Լուրերի» հետ զրույցում հայտնել է, որ Դավիթ Գիշյանի սպանության դեպքով արդեն դիմել են Եվրոպական դատարան:

Հիշեցնենք, որ տղայի գերության մեջ հայտնվելու տեսանյութը հրապարկել էին ադրբեջանական տելեգրամ ալիքները, որտեղ ուսի շրջանում վիրավորում ստացած զինվորին իբրև օգնություն էին ցուցաբերում:

«Դավիթ Գիշյանը փաստացի սպանվել է գերության մեջ: Այսօր արդեն տեղեկացրել ենք ՄԻԵԴ, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը: Դիմել ենք նաև 3-ր հոդվածով, դա պաշտպանում է անձին խոշտանգումներից ու  նվաստացուցիչ վերաբերմունքից:

Ստացվում է, որ Ադրբեջանը խախտել է նշված հոդվածները: Պահանջում ենք, որ Ադրբեջանի նկատմամբ արագ կիրառվի հրատապ միջոցը: Այսինքն՝ եթե Եվրոպական դատարանն Ադրբեջանին ժամանակ էր տրամադրել մինչև սեպտեմբերի 22-ը՝ ինֆորմացիա տրամադրելու գերիների գտնվելու վայրի մասին, բժշկական տեղեկանքներ տրամադրեր, եթե այդպիսիք կան, և մնացած կետերը լրացվեին, հիմա պահանջում ենք, որ արագ կիրառվի հրատապ միջոց:

Տեղեկությունն ուղարկվելու է նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան նամակի տեսքով: Ընթացքի մասին կտեղեկացնենք»,- ասել է Հասմիկ Սամվելյանը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում