Հիմնանորոգման ընթացքի մեջ է Արմավիրի մարզով անցնող Զարթոնք-Արտաշար ավտոճանապարհը
Հիմնանորոգման ընթացքի մեջ է Արմավիրի մարզով անցնող Տ-3-76, Զարթոնք-Արտաշար /Տ-3-54/ ավտոճանապարհի կմ 0+000-կմ 2+100 հատվածի շինարարությունը: Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ֆեյսբուքյան էջը:
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և հիմնադրամի ներկայացուցիչներն այցելել էին շինհրապարակ՝ ծանոթանալու կատարվող աշխատանքների ընթացքին։ Շինարարի, տեխհսկողի և տեղական իշխանության ներկայացուցիչների հետ քննարկվել են կատարվող աշխատանքները, շեշտադրվել դրանք որակով իրականացնելու հարցը։
Տեխհսկողությունն իրականացնում է «Քարազարթ» ՍՊԸ-ն։ Այս պահին կատարվում են հողային, մայթերի կառուցման աշխատանքներ, մեկնարկել են ճանապարհային պատվածքի ներքին շերտերի տեղադրման աշխատանքները, մոտ 700մ հատվածում արդեն տեղադրվել է մեկ շերտ ասֆալտբետոնե պատվածք։ Ծրագրով նախատեսված են նաև այլ աշխատանքներ։
Տեղական նշանակության 2.1 կմ երկարությամբ այս ճանապարհահատվածի հիմնանորոգման նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 305 մլն դրամ։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2022 թվականի վերջ։
Տեխհսկողությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչ Ռուբիկ Մելքոնյանը, խոսելով աշխատանքների որակի մասին, նկատում է, որ շինարարության ընթացքում կատարվում է որակի հսկողություն, կատարված աշխատանքները նորմատիվներին համապատասխանում են: Ըստ նրա՝ հիմնանորոգված ճանապարհը կծառայի նվազագույնը 10-15 տարի:
Կարծիքներ