Հայտնի են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի GAIFF Pro հարթակի հաղթողները
Երևանի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի GAIFF Pro արտադրության և ֆինանսավորման հարթակի հաղթողների անուններն արդեն հայտնի են։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ hարթակի աշխատանքները կայացել են IMS Documentary Film-ի և ՀԲԸՄ Հայաստանի հետ համագործակցության արդյունքում՝ վավերագրական ֆիլմերի վրա հատուկ շեշտադրմամբ։
Արդյունաբերության պլատֆորմի շրջանակում ներկայացված էր 15 երկրի կինոգործիչների և պրոդյուսերների 17 նախագիծ, որոնցից 12-ը մշակման փուլում են, իսկ 5-ը` ընթացիկ փուլում: Շարքը ներառում է նախագծեր Սաուդյան Արաբիայից, Կիպրոսից, Վրաստանից, Իրանից, Լիբանանից և Հայաստանից, ինչպես նաև համատեղ արտադրության գործընկեր երկրներից՝ ներառյալ Ֆրանսիան, Սերբիան, Գերմանիան, Միացյալ Նահանգները և Բելգիան։
Միջազգային ժյուրին մրցանակ է տվել զարգացման փուլում գտնվող Մոջգան Սայադիի «Արյան գին» նախագծին։ Նախագծին տրամադրվել է 5 հազար դոլար մրցանակ։ Հատուկ հիշատակման է արժանացել Լիլիթ Մխիթարյանի «Արարատից տասնչորս ու կես կիլոմետր հեռավորության վրա» ֆիլմը։
Դիանա Կարդումյանի «Լռիր» ֆիլմն արժանացել է ժյուրիի նախաարտադրության և գովազդային փաթեթի մրցանակի։ Մենթորական մրցանակի է արժանացել Նաիրի Հախվերդիի «Ռելսերի միջև» ֆիլմը։
Short Cuts Nest կարճամետրաժ նախագծերի արտադրության հարթակն անցկացվում էր երկրորդ անգամ, այն հարթակ է հայկական կարճամետրաժ ֆիլմերի նախագծերի համար։ Նպատակն է խթանել կարճամետրաժ ֆիլմերի ստեղծումը Հայաստանում։ Լավագույն կարճամետրաժ ֆիլմի նախագիծ ճանաչվեց Օվսաննա Շեկոյանի «Հանգիստ կապույտ» նախագիծը։ Հատուկ հիշատակման արժանացավ Սոնա Խաչատրյանի «Մասունք»-ը։
Կարծիքներ