ՌԴ-ում հայտարարել են, որ Մոսկվան հավատարիմ է Երևանի հետ ունեցած պայմանագրերի ողջ շրջանակին
Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ պայմանագրերի ողջ շրջանակին և չի հրաժարվում ռազմաքաղաքական ոլորտում իր պարտավորություններից։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի հայտարարությանը «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հանրային ֆորումի ժամանակ։
«Մոսկվան հավատարիմ է եղել և մնում է Հայաստանի հետ համաձայնագրերի ողջ շրջանակին և՛ երկկողմանի, և՛ եվրասիական տարածքում միավորման շրջանակներում։ Մենք չենք հրաժարվում դաշնակիցների հանդեպ մեր պարտավորություններից, այդ թվում՝ ռազմաքաղաքական ոլորտում», - ասել է Գալուզինը։
Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը տարիներ շարունակ ձևավորում է անվտանգության ճարտարապետությունը Հարավային Կովկասում։
Միխայիլ Գալուզինը նշել է, որ Ռուսաստանի դերն այս հարցում միշտ պահանջված կլինի՝ հաշվի առնելով տարածաշրջանում և ամբողջ աշխարհում դինամիկ իրավիճակը։
«Մենք պատրաստ ենք այս հրատապ թեմայի շուրջ Երևանի հետ անկեղծ և առարկայական զրույցի»,- հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։
Կարծիքներ