ԱԳՆ-ն ուշագրավ տեղեկություններ է հայտնել «Ֆեյսբուք»-ի կողմից հայ հայտնի հերոսի մասին հրապարակումների արգելման վերաբերյալ. ՀԺ
Նախորդ շաբաթ «Հայկական ժամանակ»-ն անդրադարձել էր հայկական մեդիատիրույթում առկա կարևորագույն մի խնդրի՝ ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հետ կապված հրապարակումների արգելափակմանը և արգելմանը, որը կիրառում է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը:
ՀԺ-ի հետ զրույցում մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը խնդիրը իսկապես շատ լուրջ էր համարել և տեսակետ հայտնել, որ այն գուցե հնարավոր լինի կարգավորել ՀՀ ԱԳՆ-ի միջնորդությամբ՝ ուղիղ բանակցությունների միջոցով:
Ոլորտի մասնագետի դիտարկումների հետ կապված գրավոր հարցմամբ դիմեցինք ԱԳՆ՝ պարզելու համար՝ պատրաստվո՞ւմ է արդյոք մեր արտաքին հարցերով գերատեսչությունը զբաղվել խնդրով, կամ եթե զբաղվում է, ի՞նչ արդյունքներ կան:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունից ՀԺ-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են, որ Հայաստանի ազգային հերոս և Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի անվամբ հրապարակումների սահմանափակումների թեմայով ՀՀ ԱԳՆ-ի և «Մետա» ընկերության ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել մի քանի տեսազանգ:
Նախարարության պատասխանի մեջ ասվում է, որ հայկական կողմը ներկայացրել է մանրամասն հիմնավորումներ, թե ինչո՞ւ Մոնթե Մելքոնյանի անունը չպետք է լինի այնպիսի անձանց ցանկում, որոնց վերաբերյալ հրապարակումներ անելը կարող է բերել էջերի արգելափակման:
«Քննարկումների ժամանակ «Մետա» ընկերությունը տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմը որևէ կապ չունի սույն արգելքի հետ, և տվյալ արգելքը պայամանվորված է Մոնթե Մելքոնյանի՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) հետ կապով»,- ասվում է ԱԳՆ-ի պատասխանում:
«Մետա» ընկերությունից ՀՀ արտաքին հարցերով գերատեսչությանը նաև պարզաբանել են, թե Մոնթե Մելքոնյանի անվան պարզապես հիշատակումը, նրա մասին զուտ տեղեկություն տալն իրենց ալգորիթմները չեն բերում ինքնաբերաբար արգելափակման. էջը կարող է արգելափակվել նրան փառաբանող հրապարակումների դեպքում:
ՀՀ ԱԳՆ-ից հավելել են, որ, չնայած այս պահին «Մետա» ընկերությունը դեռ միտված չէ Մոնթե Մելքոնյանի անունը տվյալ ցանկից հեռացնելուն, սակայն աշխատանքներն այդ ուղղությամբ շարունակվում են:
Կարծիքներ