Կայացել է գործող և վետերան ֆուտբոլիստներին աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը
Երևանում կայացել է գործող և վետերան ֆուտբոլիստներին աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հիմնադրամի ստեղծման վերաբերյալ որոշումը կայացվել էր ՀՖՖ 20-րդ տարեկան ժողովի ժամանակ: Հիմնադրամի շահառուներն են գործող և վետերան ֆուտբոլիստները, նախկին և ներկա մարզիչները, ֆուտբոլային նախկին և ներկա պաշտոնյաները և այլն: Հիմնադրամն օժանդակելու է շահառուներին ծանր վիրահատությունների անհրաժեշտության դեպքում, տրամադրելու է աջակցություն սոցիալական նվազագույն պայմանների ստեղծման, նրանց առջև ծառացած խնդիրների լուծման համար:
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստում խորհրդի նախագահ ընտրվեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, հայտնի ֆուտբոլիստ և մարզիչ Արամայիս Տոնոյանը: Հիմնադրամի տնօրեն նշանակվեց Վահագն Հարությունյանը: Խորհրդի կազմում ընդգրկված են հայկական ֆուտբոլի տարբեր սերունդների վետերան և գործող ֆուտբոլիստներ Սամվել Պետրոսյանը, Աշոտ Սահակյանը, Ռազմիկ Գրիգորյանը, Հակոբ Տեր-Պետրոսյանը, Արթուր Քոչարյանը, Արթուր Եդիգարյանը, Արաս Օզբիլիսը, ինչպես նաև ֆուտզալի վետերան ներկայացուցիչ Վաղարշակ Շահնազարյանը և կանանց ֆուտբոլի վետերան Նաիրա Թադևոսյանը:
Կարծիքներ