Կյանքից հեռացել է լրագրող Արա Գալոյանը
Հանկարծահաս հիվանդության պատճառով անժամանակ կյանքից հեռացել է վաստակաշատ լրագրող Արա Գալոյանը։ Այս մասին տեղեկացրել է 168.am-ը՝ հավելելով, որ փիլիսոփայի մասնագիտությունը Արա Գալոյանին օժտել էր կյանքի, մարդկանց, ընկերների ու շրջապատի նկատմամբ միայն իրեն բնորոշ գալոյանական վերաբերմունքով ու սիրով, որի շատ չնչին մասն էր արտահայտվում նրա՝ կրկին միայն իրեն բնորոշ ոճի հոդվածներում։
«Արա Գալոյանը հիմնադրման առաջին օրից իր սյունյակն ուներ «168 Ժամում», որը, ցավոք, այլևս լրացնելու ենք միայն Արայի մասին մեր գեղեցիկ ու տաք հիշողություններով։
Արա Գալոյանը ոչ միայն մեր թերթի, այլև հայկական լրագրության ակունքներում կանգնած նվիրյալ լրագրողներից է, ով մասնագիտական հմտություններից ու բարձր պրոֆեսիոնալիզմից զատ ու դրանից առաջ արժանապատիվ ու ազնվագույն, պատասխանատու քաղաքացի էր, իսկական մտավորական։
Մեր ողջ խմբագրակազմը կիսում է Արա Գալոյանի ընտանիքի անդամների՝ կնոջ, դուստրերի, նրա հարազատների ու ընկերների կորստյան ծանր վիշտը։
Արային մենք միշտ կարոտով հիշելու ենք իր վարակիչ ծիծաղով ու անսահման բարությամբ, հավատավոր քրիստոնյայի առաքինությամբ ու գյումրեցու նուրբ հումորով»,- ասվում է հրապարակման մեջ։
Լրատվամիջոցը հայտնում է, որ Արա Գալոյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 29-ին, ժամը՝ 18:00-19:45-ին, Երևանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում (Կոնդ թաղամաս), Հուղարկավորությունը՝ նույն եկեղեցուց, նոյեմբերի 30-ին, ժամը 12։30-ին, Երևանի «Սպանդարյան» գերեզմանատանը։
Կարծիքներ