Շատ կարևոր է, որ ԼՂ մեր հայրենակիցներն իրենց բնակեցման տեղում պոլիկլինիկա կամ ամբուլատորիա դիմեն, կցագրվեն. Ավանեսյան

«Առաջին վայրկյանից թե՛ Կոռնիձորում, թե՛ այստեղ կազմակերպվել է առաջին բուժօգնություն: Մեր թերապևտներն ու մանկաբույժներն իրականացնում են առաջնային կոնսուլտացիա: Գիտեք, որ բռնի տեղահանված մեր հայրենակիցները գտնվում են նաև բավական ծանր առողջական վիճակում. 10 ամիս լինել շրջափակման մեջ, թերսնված, խրոնիկ հիվանդությունների համար դեղորայք չունենալով, դրա համար մեզ համար շատ կարևոր է հենց առաջին կետում նրանց առաջնակի բուժօգնություն տրամադրել»:
Այս մասին Գորիսում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Այս կետից հետո գնահատման արդյունքում, եթե հասկանում ենք, որ հոսպիտալացման կարիք կա, շտապօգնության մեքենաները տեղափոխում են հիվանդանոցային բուժօգնության: Ես այսօր առավոտ Գորիսի բժշկական կենտրոն այցելեցի, այնտեղից էլ հետազոտություններից հետո, եթե կարիք լինի, կտեղափոխենք Երևանի բուժհաստատություններ»,- նշեց նախարարը:
Նա նկատեց՝ բուժաշխատողները հասցնում են հերթափոխով կարիք ունեցողներին առաջին բուժօգնություն, որոշակի դեղորայք, ցավազրկողներ տրամադրել. «Այստեղ են նաև շաքարային դիաբետով պացիենտներ, մենք այստեղ նաև ինսուլինի բաժանման կետ ունենք և կարիքի դեպքում նաև տրամադրում ենք առաջիկա օրերի համար: Շատ կարևոր է, որ մեր հայրենակիցները առաջին իրենց բնակեցման տեղում պոլիկլինիկա կամ ամբուլատորիա դիմեն, կցագրվեն և շարունակեն բժշկական ծառայությունները ստանալ թե՛ դեղորայքի, թե՛ ամբուլատոր ծառայությունների, և եթե կարիքը կա, արդեն հիվանդանոցային»:
Ըստ Անահիտ Ավանեսյանի՝ ցավոք, տեղահանվելու ճանապարհին մահվան դեպքեր էլ են լինում:
«Բռնի տեղահանումը նաև ունի ցավագին հետևանքներ, որի ականատեսն ենք այսօր: Մարդիկ, թողնելով իրենց ամբողջ ունեցվածքը, առաջին անհրաժեշտության պարագաներ չունենալով, դեղեր չունենալով, ընկել են ճանապարհ և 40 ժամ գտնվելով ճանապարհին, խցանման մեջ նման դեպքերը այս պարագայում անխուսափելի են»,- ասաց նա:
Նախարարը նաև նշեց՝ պայթյունից տուժածների առումով հիմնական ծանր ընթացքը դեռ շարունակվում է. «Ունենք ծայրահեղ ծանր վիճակում պացիենտներ, և բժիշկները պայքարում են նրանց կյանի համար: Գիտեք, որ այրվածքները երկար վերականգնման շրջան են ունենալու, և այդ ամբողջ ընթացքը մենք նաև պլաստիկ վիրաբույժների և այլ անհրաժեշտ մասնագետների օգնությամբ ապահովելու ենք»:
Կարծիքներ