Իրանը հերքում է ԱՄՆ նավթի արտահանման մասին տեղեկությունները
ԱՄՆ-ն այս տարի Իրանից նավթ չի ներմուծել: Այս մասին ասուլիսում ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն՝ մեկնաբանելով մարտին ԱՄՆ իրանական նավթի մատակարարման վերաբերյալ տեղեկատվությունը, երկուշաբթի օրը՝ մայիսի 31-ին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ինչ վերաբերում է այս խնդրին, ես նման տեղեկություն չունեմ: ԱՄՆ նախկին նախագահ Քլինթոնի ժամանակներից ի վեր Վաշինգտոնը Իրանից նավթ չի գնել իր ընդունած օրենքի համաձայն»,- ասել է Խաթիբզադեն և հավելել․ «Երևի խոսքն այլ բանի մասին է, բայց ես մանրամասներին ծանոթ չեմ»:
Հիշեցնենք, որ մայիսի 28-ին ԱՄՆ էներգետիկայի նախարարության Էներգետիկական տեղեկատվության վարչությունը (EIA) նյութեր էր հրապարակել, որոնցից հետևում է, որ մարտին Իրանը 1991-ի նոյեմբերից ի վեր առաջին անգամ նավթ է արտահանել ԱՄՆ՝ 1,03 միլիոն բարել ընդհանուր ծավալով։
Ըստ EIA-ի՝ Իրանից նավթի և նավթամթերքների մեկ այլ մատակարարում գրանցվել է 2020 թվականի հոկտեմբերին: Դրա ծավալը 1,11 միլիոն բարել է:
Ինչպես հայտնի է, 90-ականների սկզբին Վաշինգտոնը, Թեհրանի հետ սրված հարաբերությունների ֆոնին, ամբողջովին դադարեցրել է իրանական նավթի ներկրումը:
Կարծիքներ