Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Ֆրանսիայի Սենատի պատվիրակությանը
Մայիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Նորին Սրբությունը, ողջունելով հյուրերին, իր գնահատանքը բերեց խորհրդարանական պատվիրակությանը հայ-ֆրանսիական կապերի առավել զարգացման և ամրապնդման գործում ներդրած ջանքերի համար: Հայոց Հովվապետն իր երախտագիտությունը հայտնեց ֆրանսիայի Սենատին Հայոց Ցեղասպանության ճանաչման, դատապարտման, ինչպես նաև Արցախի անկախության մասին բանաձևի ընդունման, արցախահայության արդար իրավունքների պաշտպանությանն ու գերիների վերադարձման խնդրին աջակցելու համար։
Վեհափառ Հայրապետը մտահոգությամբ անդրադարձավ նաև Հայաստանի և Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակվող ոտնձգություններին, վերջինիս վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման դեպքերին՝ կարևոր նկատելով միջազգային հանրության կողմից հետևողական ջանքերի գործադրումն Ադրբեջանի որդեգրած նմանօրինակ քաղաքականությունը կանխելու հարցում։
Իր հերթին Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազը նշեց, որ Ֆրանսիան մեծ կարևորություն է տալիս Հայաստան-Ֆրանսիա կապերի առավել սերտացմանն ու խորացմանը։ Պարոն Դըվինազն իր մտահոգություններն արտահայտեց տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ հաստատելով, որ Ֆրանսիան ևս միջոցներ է ձեռնարկում տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին և գործակցությանը Քույր Եկեղեցիների հետ։
Կարծիքներ