Հնդկաստանը հուսով է, որ Ուկրաինայում կշարունակվի խաղաղ բնակիչների տարհանումը
Հնդկաստանը հուսով է, որ Ուկրաինայում ինտենսիվ մարտերի շրջաններից խաղաղ բնակիչներին հետագա տարհանմանն ուղղված ջանքերը կշարունակվեն: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Հնդկաստանի մշտական ներկայացուցիչ Տիրումուրտին՝ հինգշաբթի օրը ելույթ ունենալով Ուկրաինայի հարցով համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում։
Հնդիկ դիվանագետը ողջունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի այցը Մոսկվա և Կիև և նրա բանակցությունները Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի ղեկավարության հետ։ «Մենք համաձայն ենք, որ առաջնահերթությունը խաղաղ բնակիչների տարհանումն է այն տարածքներից, որտեղ ինտենսիվ մարտեր են ընթանում: Մենք բարձր ենք գնահատում ՄԱԿ-ի ջանքերը՝ Մարիուպոլից խաղաղ բնակիչներին տարհանելու ուղղությամբ: Հուսով ենք, որ դրանք կտարածվեն նաև այլ տարածքներ»,- ասել է Տիրումուրտին:
Հնդկաստանի մշտական ներկայացուցչի խոսքով՝ ուկրաինական ճգնաժամը «ապակայունացնող ազդեցություն ունի և ունի տարածաշրջանային ու գլոբալ հետևանքներ»։ «Նավթի գները աճում են, սննդամթերքի, հացահատիկի և պարարտանյութի պակաս կա, դա անհամաչափ ազդեցություն է ունենում զարգացող երկրների վրա»,- ընդգծել է Տիրումուրտին։ Նա հիշեցրել է, որ Հնդկաստանը ուկրաինական իրադարձությունների հենց սկզբից կոչ է արել դադարեցնել կրակը և լուծել երկխոսության և դիվանագիտության միջոցով։ «Հնդկաստանը մնում է խաղաղության կողքին, հետևաբար կարծում է, որ այս հակամարտությունում հաղթողներ չեն լինի»,- ասել է դիվանագետը։
Կարծիքներ