Ուժեղ քամու պատճառած վնասները ճշտելու նպատակով Շիրակի մարզպետի հանձնարարությամբ ձևավորվել են աշխատանքային խմբեր
Ուժեղ քամու պատճառած վնասները ճշտելու, հետևանքների մասին ամբողջական տեղեկատվություն ունենալու նպատակով՝ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հանձնարարությամբ ձևավորվել են աշխատանքային խմբեր։
Մարզպետի տեղակալներ Ալբերտ Այվազյանի և Կարեն Մանուկյանի գլխավորությամբ մարզպետարանի ոլորտային պատասխանատուները եղել են մի շարք համայնքներում, համայնքապետների, համայնքներում ձևավորված տեղական խմբերի հետ ծանոթացել իրավիճակին։
Նախորդ օրվանից մարզպետարանի պատասխանատուների, համայնքների ղեկավարների հետ օպերատիվ կապ ու համագործակցված աշխատանք են տարել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Շիրակի մարզի փրկարարական վարչության, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության, «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության մարզային մասնաճյուղի աշխատակիցները։
Ըստ նախնական տվյալների՝ ահազանգեր են ստացվել Գյումրի, Ամասիա, Աշոցք, Ախուրյան համայնքների բնակավայրերից։ Վնասվել են բնակելի տների և օժանդակ շինությունների տանիքներ։
Վնաս են կրել Աշոցք համայնքի Թավշուտ, Ղազանչի, Արփենի, Գոգհովիտ, Թորոսգյուղ բնակավայրերը։ Թավշուտում վնասվել են դպրոցի, Արփենի և Ղազանչի բնակավայրերում՝ մշակույթի տների տանիքները։ Մի քանի բնակավայր հոսանքազրկվել է, ընթանում են վերականգնողական աշխատանքներ։
Կարծիքներ