«ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների խճուղավազքի նպատակն է խթանել ազնիվ պայքարում մրցելու կամքը և թիմային ոգին. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մեկնարկի և պարգևատրման արարողությանը, որն անցակցվել է Տավուշի մարզում՝ Դիլիջանի «Պարզ լճի» տարածքում:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԿԳՄՍ փոխնախարարներ Կարեն Գիլոյանը և Ժաննա Անդրեասյանը, այլ պաշտոնատար անձինք:
Մրցաշարի առաջին տեղը զբաղեցրած Սյունիքի դպրոցի մրցանակը հանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը ողջունել է ներկաներին և շնորհավորել մրցաշարի մասնակիցներին՝ այն հաջողությամբ անցկացնելու կապակցությամբ:
«Հարգելի ներկաներ,
նախ ուզում եմ խոսքս սկսել նրանից, որ շատ գոհ եմ, որ միասին այսօր այս միջոցառումը կազմակերպեցինք: Մենք հաղթողներին ողջունեցինք, բայց կխնդրեմ, որ շատ բուռն ծափերով ողջունենք նաև մեր մյուս մասնակիցներին՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Արցախի, Գեղարքունիքի, Երևանի, Կոտայքի և Տավուշի գեղեցիկ թիմերին: Ուզում եմ նաև, որ մենք հեռակա ողջունենք այն բոլոր դպրոցների թիմիերին, որոնք մասնակցել են ընտրական փուլին: Ջերմ և բուռն ողջյուններ՝ մեր մրցավարական թիմին, որի ամենակարևոր պարտավորությունն է ապահովել մրցման արդարությունը և ճշգրտությունը:
Քննարկումների արդյունքում նախ արձանագրեցինք, որ սա շատ լավ և կարևոր նախաձեռնություն է: Մտածում էինք, որ «Վարչապետի գավաթ» կոչվող մրցումների շարք է Հայաստանում տեղի ունենում և այդ շարքը, ինչպես տեսնում եք, ընդլայնվում է: Որն է սրա նպատակը. նպատակն է խթանել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը, նպատակը՝ խթանել առողջ ապրելակերպը, ազնիվ պայքարում մրցելու կամքը, հաղթանակի կամք քաջալերել բոլոր ոլորտներում և, ի վերջո, մարդկանց մոտեցնել իրար: Մեր բոլոր մրցումներին մասնակցում են հարյուրավոր, հազարավոր մարդիկ: Հույս ունեմ և նախարարությունն էլ խոստանում է, որ ամեն տարի մասնակիցների թիվը կավելանա:
Խճուղավազքի դպրոցական գավաթն ունի առանձնահատուկ նշանակություն: Մտածում էինք, որ անպայման պետք է դպրոցականների համար մրցում իրականացնենք: Եվ, ճիշտն ասած, ամեն օր ամենուր լսվում է այն հայտնի ձևակերպումը և բանաձևը, որ մեր երկրում թիմային տրամաբանությունն այդքան էլ լավ չի զարգացած, մարդիկ ավելի անհատական ձևերով են հաջողության հասնում, թիմային տրամաբանությունը, գործակցության, համագործակցության տրամաբանությունն այնքան էլ լավ չի զարգացած: Սրա մեջ, իմիջայլոց, կա ճշմարտություն. մենք դա տեսնում ենք ամենատարբեր ոլորտներում՝ սկսած գյուղատնտեսությունից, վերջացրած այլ ոլորտներում:
Եվ մենք մտածում էինք, որ պետք է, բացի վերը նշվածից, նաև թիմային ոգին զարգացնող մարզաձևից իրականացնենք այս դպրոցական գավաթը: Երբ թիմային ձևի մասին մտածում ենք՝ առաջին միտքը գալիս է ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ: Հաջորդ պահին հասկացանք, որ հանրապետությունում կան դպրոցներ, որ դրա համար ունեն անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ մարզադաշտ, դահլիճներ, ուրիշները՝ չունեն: Հետևաբար, ուզում էինք այնպիսի մի մրցում իրականացնել, որ հանրապետության բոլոր դպրոցներին և դպրոցականներին հասանելի լինի։
Հաջորդը՝ սովորաբար վազքն անհատական մրցաձև է համարվում։ Մենք փորձեցինք գտնել այն ձևը, որը զուտ թիմային է։ Ինչպես նկատեցիք` «Վարչապետի գավաթի» խաղարկության պարագայում անհատական ցուցանիշները հաշվի են առնվում միայն թիմային ընդհանուր ցուցանիշի տրամաբանության մեջ և հաղթում է այն թիմը, որի բոլոր մասնակիցների ցուցանիշները նվազագույնն են։ Այսինքն` թիմն ամբողջությամբ առաջ է անցել։ Կանոններով սահմանված էր, որ եթե թիմից նույնիսկ մի հոգի չի հասնում եզրագծին` թիմն ամբողջությամբ դուրս է մնում մրցանակների համար պայքարից։
Մենք տեսանք այդ թիմային տրամաբանությունը։ Ես հիշում եմ արմավիրցի այն աղջնակին, որը եզրագծին հասավ լացելով։ Ես հետո իրեն հարցնում եմ` ինչո՞ւ էիր լացում, ասում է՝ որովհետև կողքս ցավում էր։ Բայց ինքը հանուն իր թիմի հարկ համարեց, որ նույնիսկ իր կողքը ցավելու վիճակով՝ եզրագիծը հատի։ Սա թիմային տրամաբանության ամենավառ արտահայտությունն էր, և ուզում եմ, որ աղջնակին մենք անպայման ծափահարենք դրա համար։
Այս ընթացքում մենք նաև որոշումներ կայացրեցինք։ Որոշեցինք, որ այս մրցաշարն ամեն տարի տեղի կունենա այս նույն վայրում, այսինքն` մայրուղուց «Պարզ լիճ» ընկած տարածությունում։ Երթուղիները կոնկրետ ինչպես կորոշվեն, դա արդեն մասնագետներն ամեն տարի կանեն։ Հաջորդ տարիներին կփորձենք մեր բոլոր մրցումների մրցավարությունը մաքսիմալ էլեկտրոնային դարձնել, որպեսզի մեր մրցավարներն ավելի հեշտ աշխատեն և շատ չչարչարվեն։
Հաջորդ խնդիրը, որ կրկին մրցաշարի մասնակիցների հետ քննարկումներով որոշեցինք, հետևյալն է` հաջորդ տարի բուն մրցման նախորդ օրը կկազմակերպենք ճամբար։ Այսինքն` թիմերը կմոտենան այս տարածքին նախորդ օրը: Մրցավարները, մյուսները, մասնակիցները նախորդ օրը կանցկացնեն այստեղ, կծանոթանան վազքուղուն, գուցե մարզվեն, նախնական մարզում իրականացեն։ Երեկոյան կունենանք ճամբար, թիմերն իրար հետ կծանոթանան, կշփվեն։ Այսինքն` կգիշերեն այս տարածքում, կտեսնենք՝ կամ վրանային ավան կլինի, կամ այլ պայմաններ կստեղծվեն։ Հաջորդ օրը տեղի կունենա բուն մրցույթը` արդեն նույն տրամաբանության մեջ։
Մենք նաև մասնակիցներից, երեխաներից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կարծիքի են տարածության և երկարության մասին, նրանցից մի մասն ասաց, որ երկար է, մի մասը՝ կարճ։ Որոշեցինք, որ կուսումնասիրենք դպրոցական տարիքի երեխաների համար միջազգային ստանդարտներով սահմանված ամենաերկար, ուշադրություն դարձրեք` ոչ թե ամենակարճ, այլ ամենաերկար տարածությունը, և հաջորդ տարի մրցումը կիրականացնենք այդ տարածությամբ։
Կրկին ուզում եմ ընդգծել, որ սա մրցաշար է թիմային տրամաբանության մասին, որովհետև հաղթում է թիմը, և բոլոր թիմերն այսօր հաղթող են, որովհետև նրանք դուրս են եկել դեմ հանդիման այս փորձությանը և բոլորը պատվով հաղթել են։ Ուզում եմ հիշեցնել, որ ներկաները, այստեղ բոլորը հաղթող են, որովհետև նրանցից յուրաքանչյուրն իրենց մարզում, Արցախի թիմն էլ Արցախում, հաղթել են և այստեղ են եկել որպես հաղթող։ Սա նշանակում է` նրանք թիմային ոգով տոգորված, հաղթանակի կամքով տոգորված մարդիկ են, քաղաքացի են։ Եվ ահա մեր դպրոցականներին, աշակերտներին, քաղաքացիներին այդ ոգով տոգորելով՝ մենք մեզ, բոլորիս էներգիա ենք տալիս, հույս ենք տալիս, բոլորով ի ցույց ենք դնում մեր կամքը և վճռականությունը, որ Հայաստանն իսկապես լինելու է ազատ և երջանիկ երկիր, Արցախը լինելու է ազատ և երջանիկ։ Եվ ահա այստեղ են այդ ազատությունը և երջանկությունն այսօր կերտող և վաղը վայելող մեր սերունդները, մեր երեխաները, մեր եղբայրները և քույրերը։
Շնորհակալություն եմ հայտնում բոլորին և շնորհավորում եմ բոլորիս այսօրվա իրապես տոնի կապակցությամբ։ Շնորհակալություն»։
Միջոցառմանը մասնակցել են հանրապետության դպրոցների լավագույն թիմերը, որոնք հաղթող են ճանաչվել մարզային փուլերում: Մրցաշարին մասնակցել է 12 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք հաղթահարել են 4000 մետր մրցատարածությունը: Մրցաշարի նախընտրական՝ մարզային փուլերին ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության շուրջ 250 դպրոցի 1730 աշակերտ է մասնակցել:
Մրցաշարի պարգևատրման ֆոնդը կազմել է 14 մլն 715 հազար դրամ: Դրամական պարգևներ և այլ մրցանակներ են ստացել ինչպես հաղթող դպրոցների, այնպես էլ թիմում ընդգրկված աշակերտներն ու նրանց ուսուցիչները: Մասնավորապես, առաջին տեղ զբաղեցրած դպրոցը ստացել է 4 մլն դրամ, երկրորդ տեղը` 2 մլն 500 հազար դրամ, երրորդ տեղը` 1 մլն 500 հազար դրամ: Առաջին տեղ գրաված թիմի ֆիզկուլտուրայի ուսուցիչը ստացել է 700 հազար դրամ, իսկ թիմում ընդգրկված 7 աշակերտներից յուրաքանչյուրը` 150 հազարական դրամ: Երկրորդ և երրորդ տեղերի համար ստացել են, համապատասխանաբար, 500 հազար դրամ ուսուցիչը, 100 հազարական դրամ աշակերտները, 300 հազար դրամ ուսուցիչը և 75 հազարական դրամ աշակերտները:
Կարծիքներ