ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել ազատել բոլոր ռազմագերիներին և մյուս կալանավորվածներին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ: Համանախագահները (Իգոր Պոպովը` Ռուսաստանի Դաշնություն, Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիա և Էնդրյու Շոֆերը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ) մայիսի 27-ին և 28-ին խորհրդակցություններ են անցկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գրասենյակի նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Համանախագահները նշել են, որ ի գիտություն են ընդունել մայիսի 27-ին վեց հայ զինծառայողի ձերբակալման փաստը և կոչ են անում ազատել բոլոր ռազմագերիներին և մյուս կալանավորվածներին։
Համանախագահները վճռականորեն կոչ են անում կողմերին՝ անհապաղ վերացնել Լեռնային Ղարաբաղ մարդասիրական օգնության մուտքի բոլոր սահմանափակումները և կողմերին կոչ են անում ամբողջությամբ իրականացնել նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները: Համանախագահները մտահոգությամբ նշում են նաև Հայաստան-Ադրբեջան չգծանշված սահմանին տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ վերջերս տեղի ունեցող գործընթացների մասին:
«Սահմանային վեճերը լուծելու համար ուժի գործադրումը կամ սպառնալիքն անընդունելի են: Մենք երկու կողմին կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ներառյալ զորքերի հետքաշում, իրավիճակը լիցքաթափելու և սահմանը խաղաղ բանակցությունների միջոցով սահմանազատում և սահմանագծում սկսելու համար: Համանախագահները պատրաստ են աջակցել այս գործընթացին։
Հաշվի առնելով ԵԱՀԿ իրենց մանդատի պայմանները և տարածաշրջանի բոլոր բնակիչների ձգտումները դեպի կայուն, խաղաղ և բարեկեցիկ ապագա՝ համանախագահները կրկին կոչ են անում կողմերին՝ հնարավորինս շուտ վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդությամբ»,- ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ:
Կարծիքներ