Բռնություն են գործադրել Շտապօգնության աշխատակիցների նկատմամբ․ պարեկները ձերբակալել են կասկածյալներին

Փետրվարի 24-ին՝ ժամը 23․45-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել է, որ Լեոյի փողոցում Շտապօգնության աշխատակիցներին անհայտ անձինք ծեծի են ենթարկում։
Ահազանգը փոխանցվել է Պարեկային ծառայություն և Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։
Պարեկները նշված վայրում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել Արմավիր քաղաքի 37-ամյա և Մեծամոր քաղաքի 20-ամյա բնակիչներին։
Պարզվել է, որ տղամարդիկ ալկոհոլի ազդեցության տակ վատ զգալու համար Շտապօգնություն են կանչել և վեճի բռնվել աշխատակիցների հետ։
37-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 6 գրամից ավելի դեղնականաչավուն զանգվածով երկու փաթեթ և դեղնականաչավուն զանգվածով գլանակ։ 20-ամյա մեծամորցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Կարծիքներ