Գյումրու Երեխաների տան նախկին բուժքույրն ու դայակը ֆիզիկական բռնության են ենթարկել երեխաներին. վարույթի նյութերը հանձնվել են դատարան

Գյումրու Երեխաների տան նախկին բուժքույրն ու դայակը ֆիզիկական բռնության են ենթարկել երեխաներին. վարույթի նյութերը հանձնվել են դատարան

Դատախազը 2025 թվականի հունվարի 3-ին հաստատել է Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի նախկին բուժքույր Ն.Մ.-ի և դայակ Ռ․Հ․-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունն ու վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Շիրակի մարզային քննչական վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել է, վերոնշյալ անձինք պարբերաբար ֆիզիկական բռնության են ենթարկել «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի խմբասենյակներից մեկի երեխաներին, նրանց նկատմամբ դրսևորել են դաժան վերաբերմունք:

Քրեական վարույթով պարզվել է, որ բուժքույր Ն.Մ.-ն և դայակ Ռ․Հ․-ն, օգտվելով այն հանգամանքից, որ ՊՈԱԿ-ի շահառուներն իրենց անօգնական վիճակի՝ հիվանդության, հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների, տարիքի, ֆիզիկապես թույլ լինելու և այլ պատճառներով չեն կարող պաշտպանել իրենց շահերը, 2024 թվականի ընթացքում՝ իրենց հերթափոխի ժամանակ, պարբերաբար, հարվածներ են հասցրել և բռնի այլ գործողություններ են կատարել խնամարկյալների նկատմամբ:

Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 17-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ռ.Մ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) (3 դրվագ) և Ն․Մ․-ի նկատմամբ՝ 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (4 դրվագ):

2025 թվականի հունվարի 3-ին Ռ.Մ.-ի և Ն.Մ.-ի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնվել է իրավասու դատարան:

«Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի բուժքույր Ն.Մ.-ն և դայակ Ռ․Հ․-ն ազատված են աշխատանքից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում