Թույլ չենք տա որոշելու մեր իրավունքը խլել մեզնից՝ մանիպուլացնելով, հայրենասիրության մոդելներ հրամցնելով. ՀՀ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից մեկնաբանեց իր երեկվա ելույթը:
«Երեկվա իմ ելույթով տարածություն բացեցինք ՀՀ-ի և Արցախի համար: Նախորդ շրջանի բանակցային ողջ գործընթացով Հայաստանը և Արցախը զրկվել էին քաղաքական, դիվանագիտական տարածությունից: Մենք ճանապարհ ենք բացում Հայաստանի և Արցախի համար: ճանապարհ ենք բացում պետականությունը պահպանելու:
Մեր նահատակները դրա համար են ընկել, որ հեռանկար բացվի Ղարաբաղի և Հայաստանի համար: Ճանապարհ ենք բացում, որ մեր ժողովրդին մատաղացու գառան կարգավիճակից դուրս բերենք»,- ասաց Փաշինյանը:
Նա շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է այնտեղ ապրի, ունենա իրավունքներ, ազատություններ, կարգավիճակ:
«Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պետք է լինի ղարաբաղցի, արցախցի և հայ»,- ասաց Փաշինյանը:
Վերադառնալով պատերազմի թեմային՝ վարչապետը նշեց.
«Մենք չենք որոշել, որ լինի պատերազմը, թե չլինի, մենք չենք որոշել ոչ մի բան: Հայաստանն ինքնիշխան պետություն է: Մենք պետք է բան որոշելու իրավունքը վերադարձնենք մեզ, որովհետև մենք երկիր ենք, ախոռ չենք, մենք քաղաքացի ենք, մատաղացու գառ չենք, որ տարբեր տեղերում որոշեն, թե ոնց և ինչքան մեզ մորթեն, ոնց և ինչքան մեզ ներեն: Մենք պետություն ենք, ազգ են, հպարտ ենք, այո՛, մենք արնածոր ենք, բայց ունենք ինքնասիրություն: Մենք թույլ չենք տա որոշելու մեր իրավունքը խլել մեզնից՝ մանիպուլացնելով, մեզ հայրենասիրության մոդելներ հրամցնելով»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ քանի դեռ սահմանին զինվոր է կանգնած, չի կարող խաղաղություն լինել:
«Խաղաղությունն այն է, երբ սահմանին կանգնած է սահմանապահ, և հարցերը կարգավորվում են սահմանային նշանների միջոցով: Հայաստանը և Արցախն ընդամենը հողակտորներ չեն: Հայաստանի երբեմնի բոլոր հողակտորներն էլ այսօր կան երկրագնդի վրա և գոյություն ունեն: Հայաստանը մարդիկ են, կարգավիճակ է, պետություն է, միջազգային իրավահարաբերության սուբյեկտ է: Սա ենք մենք ուզում: Մեր շուրջ ահավոր մեծ ագրեսիվություն կա: Այդ ագրեսիվությունը միայն այնտեղ չէ, որտեղ մենք տեսնում ենք, այդ ագրեսիվությունը բազմաթիվ այլ տեղերում կա: Պետք է կառավարել այդ ագրեսիվությունը: Ուրիշ տարբերակ չկա»,- ասաց վարչապետը:
Կարծիքներ