ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագծին
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագծին։
Կողմ է քվեարկել հինգ, դեմ՝ երեք պատգամավոր։
Ինչպես հայտնել ենք, հանձնաժողովի նիստում քննարկվում էր «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Դրական եզրակացությունից հետո կանոնակարգը կներկայացվի խորհրդարանի հաստատմանը։
Խորհրդարանի կողմից կանոնակարգի վավերացման համար առնվազն 54 կողմ ձայն է անհրաժեշտ:
Հոկտեմբերի 8-ին Կառավարությունը խորհրդարանի վավերացմանն է ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի նախագիծը:
Սեպտեմբերի 26-ին ՍԴ-ն հրապարակել է 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունների՝ սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ որոշումը:
Կարծիքներ