Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը բացում է 99-րդ համերգաշրջանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 99-րդ համերգաշրջանի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 12-ին՝ Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնով (գեղարվեստական ղեկավարներ՝ Էդուարդ Թոփչյան և Հարոլդ Քլարքսըն):
Այս տարվա փառատոնի հյուրերն են լեգենդար օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն, անվանի երաժիշտներ Դանիել Մյուլլեր-Շոթը (թավջութակ), Հրաչուհի Բասենցը (սոպրանո), Հելմուտ Դոյչը (դաշնամուր), Կարոլին Վիդմանը (ջութակ), Բարրի Դուգլասը, (դաշնամուր), Ջուլիանա Գրիգորյանը (սոպրանո), Ինգո Մեցմախերը (դիրիժոր), Իլյիչ Ռիվաս (դիրիժոր) և այլոք:
Փառատոնի հանդիսավոր բացմանը՝ սեպտեմբերի 12-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ կունենա անվանի ջութակահար Արաբելլա Շտայնբախերը: Նա կկատարի Բեթհովենի Ջութակի կոնցերտը՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Կհնչի նաև Սմետանայի «Վլտավա»-ն՝ «Իմ հայրենիք» սիմֆոնիկ պոեմից, ինչպես նաև Ռախմանինովի Սիմֆոնիա թիվ 2-ը:
Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի ընթացքում ուշադրության կենտրոնում են չեխ կոմպոզիտորներ Դվորժակի, Սմետանայի, Յանաչեկի, Մարեկ Կեպրտի, Լուբոշ Ֆիշերի ստեղծագործությունները: Բացի սիմֆոնիկ մեծակտավ ծրագրերից՝ փառատոնի ընթացքում կհնչի նաև կամերային երաժշտություն՝ հանդիսատեսի համակրանքը վայելող «Ավետիս» լարային քառյակի և դաշնակահար Հայկ Մելիքյանի կատարմամբ:
Տեղի կունենան հայաստանյան և համաշխարհային մի շարք պրեմիերաներ ու հրավիրյալ երաժիշտների վարպետության դասեր:
Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի փակումը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին:
Փառատոնի իրականացման աջակիցներն են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը:
Կարծիքներ