Մեկնարկում է «Լավագույն դպրոցական մինի այգի» 3-րդ մրցույթը

Մեկնարկում է «Լավագույն դպրոցական մինի այգի» 3-րդ մրցույթը

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Ճյուղային սննդի ինստիտուտի և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի հետ համատեղ, հայտարարում են «Լավագույն դպրոցական մինի այգի» 3-րդ մրցույթի մեկնարկի մասին։

«Դպրոցական սնունդ» ծրագրի մաս հանդիսացող այս մրցույթի նպատակն ազգային մակարդակում դպրոցական այգիների ստեղծման խթանումն է։ Այն ոչ միայն կօգնի ընդլայնել դպրոցական սննդում օգտագործվող թարմ բանջարեղենի և խոտաբույսերի կիրառությունը, այլև վաղ տարիքից երեխաների շրջանում հետաքրքրություն կառաջացնի օրգանական հողագործության նկատմամբ՝ ծանոթացնելով հողօգտագործման հիմունքներին։

Մրցույթի երեք հաղթողները կստանան մրցանակներ, իսկ առաջին տեղը զբաղեցրած դպրոցը կպարգևատրվի 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհով։ Գումարը կարող է օգտագործվել դպրոցական այգին զարգացնելու, ընդլայնելու և բարելավելու համար՝ դրանով իսկ շարունակելով խթանել կայուն գյուղատնտեսությունն ու առողջ սնունդը:

2023 թվականի մրցույթի համար կազմակերպիչներն ընտրել են «Ոգեշնչող դպրոցական էկո-այգի» թեման, որը կենտրոնանալու է դպրոցական այգիների մշակման օրգանական եղանակի վրա։ Սա նշանակում է, որ բոլոր մասնակից դպրոցները պետք է պահպանեն օրգանական գյուղատնտեսության հիմնական սկզբունքները, որոնք հիմնված են մի շարք փոխկապակցված բաղադրիչների վրա:

Այս տարվա մրցույթի նոր բաղադրիչներից է նաև այն, որ մասնակից դպրոցներն այգիները ստեղծելիս պետք է ոգեշնչվեն իրենց աշակերտների նկարած այգու նկարներով և գծագրերով:

Մրցույթը բաղկացած է երկու փուլից՝

1-ին փուլի ընթացքում դպրոցները պետք է լրացնեն և ուղարկեն մասնակցության հայտադիմումը։ Վերջնաժամկետը՝ 2023 թ․ ապրիլի 12:

2-րդ փուլում դպրոցները պետք է կազմեն դիմումի համապարփակ փաթեթ և ներկայացնեն այն դիտարկման: Փաթեթը պետք է ուրվագծի դպրոցական այգու ստեղծման և պահպանման՝ դպրոցի փորձը, ինչպես նաև ցույց տա կայուն գյուղատնտեսության և առողջ սնվելու վերաբերյալ գիտելիքներն ու պատկերացումները:

Նախագծի փաթեթների ներկայացման վերջնաժամկետը՝ 2023թ. նոյեմբերի 1։

Ընտրող հանձնաժողովը կգնահատի ստացված նախագծերի փաթեթները և մինչև մինչև 2023 թվականի դեկտեմբերի 1-ը կհայտարարի հաղթողներին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում