10 հազարից ավելի հետախուզվող կա, որ խուսափել է բանակում ծառայելուց․ Սիմոնյանը՝ օրենքի քննարկումների մասին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ պարտադիր զինվորական ծառայության տարիքի փոփոխման և որոշակի գումարի դիմաց ծառայության ժամկետի կրճատման մասին օրենքի նախագծին:
Նա նկատեց, որ քննարկումները շարունակվում են։
«Կարծում եմ՝ օրենքը որոշակի փոփոխությունների կարիք կունենա։ Վերջանական նպատակը մեր երկրի համար պետք է լինի լիակատար պրոֆեսիոնալ բանակը, որտեղ կծառայեն մարդիկ, որոնք դրան կվերաբերվեն որպես մասնագիտություն ամենայն պատասխանատվությամբ։ Այն իրավիճակը, որը մեր երկրում եղել է ու կա տասնամյակներ շարունակ, պետք է ինչ-որ ձևով սկսել կարգավորել»,- ասաց նա։
ԱԺ նախագահը նաև շեշտեց․ «Ես աղքատ չեմ եղել, բայց բանակ գանցել եմ։ Այն մարդիկ, որոնք գումարով փորձել են ազատել իրենց երեխաներին բանակից, դա արել են, դրան որակում տալու կարիք չկա, դրա դեմ պայքարը տարվում է, նախագիծն ունի հարցեր, որոնք պետք է քննարկվեն»։
Նրա խոսքով՝ պրոֆեսիոնալ բանակ ունենալն է Հայաստանի նպատակը. մարդիկ, որոնք կցանկանան իրենց կյանքը նվիրել զինծառայությանը, կստանան բարձր աշխատավարձ ու կդառնան զինվորական։
Ըստ Սիմոնյանի՝ 10 հազարից ավելի հետախուզվող մարդ կա, որոնք խուսափել են բանակում ծառայելուց։
Կարծիքներ