Բաքվում սպառնում են դադարեցնել BBC-ի հեռարձակումը

Բաքվում սպառնում են դադարեցնել BBC-ի հեռարձակումը

Ադրբեջանի մամուլի խորհուրդը, որը պետական կառույց է, հայտարարել է բրիտական BBC հեռուստաալիքի «սադրիչ» գործունեության մաին՝ սպառնալով, որ լրատվամիջոցի հեռարձակումը երկրի տարածքում կարող է դադարեցվել:

«Վերջին օրերին BBC հեռուստաալիքը, այդ թվում՝ այս լրատվամիջոցի ադրբեջանական ծառայությունը, «կողմնակալ» նյութեր է հեռարձակում և «կողմնակալ» հայտարարություններ անում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների վերաբերյալ՝ միակողմանիորեն լուսաբանելով «Ադրբեջանի ղարաբաղյան տնտեսական շրջանում» առկա իրավիճակը»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշենք, որ հրապարակումներն առնչվել են հումանիտար բեռների արգելափակմանը և Լաչինի միջանցքիփակման հետևանքով ստեղծված իրավիճակին:

Մամուլի խորհուրդը հայտարարել է, թե եկել է այն եզրակացության, որ BBC-ի՝ Ադրբեջանի «իրողություններին» ներկայիս մոտեցումն անցանկալի է։ 

«Կա՛մ այս կազմակերպությունը պետք է սովորի հարգել մեր երկրի «տարածքային ամբողջականությունն» ու ինքնիշխանությունը՝ ներողություն խնդրելով և գործնականում ապացուցելով իր անկեղծ մտադրությունները, կա՛մ նրա գործունեությունն Ադրբեջանում պետք է կասեցվի և լիցենզիան հետ վերցվի»,- եզրափակել է խորհուրդը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում