Սպանվածը ՀՀ-ում հայտնի գործարարներից մեկի աղջիկն է․ նոր մանրամասներ՝ «Հաղթանակ» զբոսայգում կատարված սպանությունից
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Երևանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցների հետևանքով մահացած 27-ամյա Դիանա Դարբինյանը Վանաձոր քաղաքում հայտնի գործարար, «Գլորիա» կարի ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Բագրատիոնի Դարբինյանի աղջիկն է, իսկ հրազենային վիրավորում ստացած 29-ամյա Վազգեն Մարգարյանը Դ. Դարբինյանի ամուսինն է, ով աշխատում է հանրապետությունում հայտնի ՍՊԸ-ներից մեկում՝ որպես տնօրեն։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու քննիչներն արդեն պարզել են սպանությունը կատարած և դեպքի վայրից փախուստի դիմած ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ով Երևանի 24-ամյա բնակիչ է։ Պարզվել է նաև, որ մինչ կրակոցները, այդ երիտասարդի, ում անունը Լևոն է, և Վ. Մարգարյանի միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի Սայաթ-Նովա և Ա. Մանուկյան փողոցների խաչմերուկի մոտ գտնվող սրճարաններից մեկում, որը վերածվել է նաև ծեծկռտուքի։
Քննիչի հանձնարարականով Land Rover-ը տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Սեպտեմբերի 28-ին, ժամը 02։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Ազատության պողոտայի՝ «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցներ են հնչել։
«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից երիտասարդ աղջիկը մահացել է, իսկ տղամարդը վիրավոր է։
Դեպքի վայրում հայտնաբերվել էի ինքնաձիգից կրակված մոտ 14 պարկուճ։ Քաղաքային տրանսպորտի համար նախատեսված կանգառում և դրա հետևի պատին կային նաև կրակոցի հետքեր։ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի դիմաց հայտնաբերվել էր Land Rover մակնիշի ռուսական P 999 HA 99 RUS համարանիշի ավտոմեքենան, որի սրահում հայտնաբերվել էին արնանման հետքեր։
Կարծիքներ