Ձկների ապօրինի արդյունահանում՝ զանգվածային ոչնչացման եղանակների օգտագործմամբ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է զանգվածային ոչնչացման եղանակների օգտագործմամբ ձկներ ապօրինի արդյունահանելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի 33-ամյա բնակիչը ձկներ ապօրինի արդյունահանելու հարցում նախնական համաձայնության գալով 37-ամյա համագյուղացու հետ, 2020թ․ մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ից 20։00-ն ընկած ժամանակահատվածում, զանգվածային ոչնչացման եղանակ հանդիսացող էլեկտրական հոսանքի գործադրմամբ, վերոհիշյալ մարզի Շենիկ գյուղի վարչական տարածքում գտնվող ջրատարից ապօրինի արդյունահանել են «Կուրի կողակ» տեսակի ձկներ՝ կենդանական աշխարհին պատճառելով զգալի չափերի վնաս։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 33-ամյա և 37-ամյա համագյուղացիներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածի (ջրային կենդանիներ և բույսեր ապօրինի արդյունահանելը) 2-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ