Հունիսին 30 տոկոսով աճել է մահացությունների թիվը, հասարակական տրանսպորտում կանոնների պահպանման կտրուկ անկում է նկատվել
2020 թվականի առաջին 5 ամիսներին մահերի թիվը ՀՀ-ում 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ առավել քիչ էր: Այսօր, ցավոք, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այդ վիճակագրությունը փոխվել է:
«Այս հունիսին 2019-ի նույն ամսի համեմատությամբ, 30 տոկոսով ավել մահացություն ենք ունեցել: Իհարկե, այս վիճակագրության փոփոխությունն ամբողջապես կապված չէ կորոնավիրուսի հետ, սակայն կորոնավիրուսային ընթացիկ վիճակն էականորեն նպաստում է սրան»,- ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս ընդգծեց, որ իրավիճակի հաղթահարման միակ ելքը յուրաքանչյուրիս անհատական վարքագծի փոփոխությունն է: Սա թույլ կտա, որ իրավիճակը հաղթահարվի տնտեսական նվազագույն կորստով:
«Իհարկե բացի կոչերից, ակցիաներից, կոմունիկացիոն միջոցների կիրառումից, շարունակում ենք վարչական միջոցների կիրառումը նաև: Երեկ 2697 քաղաքացի տուգանվել է հակահամաճարակային կանոները չպահպանելու համար, 2166-ը դիմակ չկրելու համար:
Նկատում ենք, որ հասարակական տրանսպորտում կանոնների պահպանման մակարդակը կտրուկ անկում է ապրել: 431 վարչական արձանագրություն է կազմվել այս մասով:
Այսօրվա մեր վիճակն ակնհայտ է դարձնում, որ կորոնավիրուսի դեմ պայքարը մեզանից յուրաքանչյուրի համար պետք է լինի առաջնահերթություն: Եվ ամեն օր մեզանից յուրաքանչյուրը պետք է իրենք հարց տա, թե ինչ է արել հիվանդության տարածումը կանխելու համար:
Առնվազն 3 կանոնի պահպանումը պետք էլինի մեր առօրյա պարտականությունը՝ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն, ախտահանել ձեռքերը»,-տեղեկացրեց վարչապետը::
Կարծիքներ