67-ամյա երևանցին իր մեքենայով Իրանից 1 կգ հերոյին է ներմուծել Հայաստան
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Երևանի 67-ամյա մի բնակիչ Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստան է ներմուծում և իրացնում առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ։
Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը:
Ձեռնակվել են մի շարք անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, և պարզվել է, որ նա թմրամիջոցները մայրաքաղաքում իրացնում է մեկ այլ երևանցու`57-ամյա տղամարդու միջոցով:
Տեղեկությունները վերջնականապես ճշտելուց հետո որոշվել է նրանց բռնել հանցափաստով, իսկ հետագա միջոցառումներն իրականացվել են ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների և մայրաքաղաքի պարեկների հետ:
Մայիսի 7-ին Երևանի Արշակունյաց պողոտայում երկուսն էլ ձերբակալվել և, 67-ամյա տղամարդու վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժին:
Ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է 1 կգ հերոին թմրամիջոց, որն ըստ 67-ամյա տղամարդու` պատկանում է իրեն։
Փաստի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Երկուսն էլ կալանավորվել ու տեղափոխվել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Կարծիքներ