Այսօր ԼՂ-ում կանայք ցույց են տալիս դիմացկունության ու խիզախության այնպիսի որակներ, որ բոլորիս կարող են օրինակ ծառայել․ ԿԳՄՍ նախարար
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի առթիվ։
«Ջերմորեն շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ։
Գարնան այս օրը առիթ է մեկ անգամ ևս ընդգծելու և խրախուսելու ձեր ակտիվ գործունեությունը տարբեր ասպարեզներում։ Հատկապես կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում, որտեղ իրականացվում է դաստիարակության, արժեքների ստեղծման ու փոխանցման գործընթացը, լավագույնս պետք է բացահայտվի կնոջ ուժը՝ նրա գնահատումը կապելով առաջին հերթին իրավունքների և դերակատարման բարձրացման, ստեղծարար ներուժի խթանման հետ։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում է, որ մենք կարող ենք և պետք է առանձնահատուկ խրախուսենք մեր աղջիկներին՝ առաջ գնալու, հասնելու հաջողությունների, հասկանալու ու հավատալու, որ իրենք ամեն ինչ կարող են։
Այսօր Լեռնային Ղարաբաղում բազմաթիվ կանայք ցույց են տալիս դիմացկունության ու խիզախության այնպիսի որակներ, որ բոլորիս կարող են օրինակ ծառայել։ Բազմաթիվ կանայք մեր կողքին կրում են իրենց հարազատի, սիրելի մարդու կորստի վիշտը ու մեր համերաշխությամբ ու հետևողական ջանքով է նաև, որ այդ դժվարությունները պիտի հաղթահարենք։
Կանանց համերաշխությունը մեծ ուժ է, և այդ ներուժի ամբողջական իրացումը, իրավամբ, կարող է դառնալ հասարակության զարգացման ու առաջընթացի շարժիչ ուժը։ Մասնագիտական որակները միախառնելով կանացի նրբանկատությանն ու մայրական հոգատարությանը՝ կարող ենք ստեղծել այն արդյունքները, որոնք ապահովելու են որակապես նոր հասարակություն և զարգացող պետություն։
Սիրելի՛ կանայք, եղե՛ք խիզախ, համարձակ ու նպատակասլաց։ Մաղթում եմ ձեզ մասնագիտական հաջողություններ, ստեղծարար նախաձեռնություններ, առողջություն և անձնական երջանկություն»,- նշված է Անդրեասյանի ուղերձում։
Կարծիքներ