ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում պատասխանատվության ենթարկել Մալիում խաղաղապահների սպանության մեղավորներին
Մալիում ՄԱԿ-ի բազմաչափ ինտեգրված կայունացման առաքելության (MINUSMA) երկու զինվորների սպանության համար մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի ուրբաթ օրը տարածած հայտարարության մեջ։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը «կտրականապես դատապարտում է» ինքնաշեն ականով հարձակումը, որը սպանել է Եգիպտոսի խաղաղապահ ուժերի երկու անդամների, ասել է նա։ «Գլխավոր քարտուղարն իր խորին ցավակցությունն է հայտնում զոհվածների ընտանիքներին, ինչպես նաև Եգիպտոսի կառավարությանն ու ժողովրդին», - ասվում է հայտարարության մեջ։
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Մալիի անցումային իշխանություններին ամեն ջանք գործադրել՝ բացահայտելու հարձակման կազմակերպիչներին, որպեսզի հնարավորինս արագ պատասխանատվության ենթարկեն նրանց»,- ընդգծվում է փաստաթղթում։
Համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը նշել է, որ «ՄԱԿ-ի խաղաղապահների վրա հարձակումները կարող են դիտվել որպես ռազմական հանցագործություն»։
Կարծիքներ