Մեկնարկել է Երևանի «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնը
Մայրաքաղաքի ամենանշանակալի մշակութային իրադարձության՝ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մեկնարկը տրված է: Մեկ շաբաթ շարունակ՝ հոկտեմբերի 3-10-ը, հայ հասարակությունը բացառիկ հնարավորություն կունենա վայելելու ամենամյա կինոտոնը։
18-րդ «Ոսկե ծիրան»-ի պաշտոնական բացման արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 3-ին «Մոսկվա» կինոթատրոնում։ Արարողությանը մասնակցեցին փառատոնի անվանի հյուրերը, ժյուրիի անդամները, մրցույթային և ոչ մրցույթային ծրագրերի մասնակիցները։ Արարողության մեկնարկին ներկայացվեցին կադրեր մրցութային և ոչ մրցութային ֆիլմերից, ինչպես նաև տեղեկատվություն՝ ժյուրիի կազմի վերաբերյալ։ Մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին պատերազմից զոհվածների հիշատակը՝ կոչ անելով ազատել գերիներին։
Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը շնորհավորեց ներկաներին՝ փառատոնի մեկնարկի կապակցությամբ։ Նա առանձնահատուկ շեշտեց՝ փառատոնը կայանում է բավականին բարդ ժամանակներում և շնորհակալություն հայտնեց այն իրականացնող երիտասարդ թիմին, ով չի վախենում դժվարություններից։ Խաչատրյանը բեմ հրավիրեց փառատոնի մյուս երկու համահիմնադիրներին՝ Սուսաննա Հարությունյանին և Միքայել Ստամբոլցյանին, և նրանք երեքով ազդարարեցին փառատոնի մեկնարկը։ Իր խոսքի ընթացքում Հարություն Խաչատրյանը բեմ հրավիրեց փառատոնի պատվավոր հյուր՝ ամերիկացի նշանավոր սցենարիստ և ռեժիսոր Փոլ Շրեյդերին: Վերջինս Մարտին Սկորսեզեի «Տաքսիստ», «Կատաղած ցուլը», «Քրիստոսի վերջին գայթակղությունը» ֆիլմերի սցենարիստը, «Ամերիկյան ժիգոլո», «Միսիմա, կյանքը 4 մասից», «Քահանայի օրագիրը» և 2 տասնյակ այլ ֆիլմերի ռեժիսորն և 3 տասնյակ միջազգային կինոփառատոների դափնեկիր: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրենը Շրեյդերին հանձնեց փառատոնի «Փարաջանովյան թալեր» մրցանակը՝ կինոյում ունեցած մեծ ավանդի համար։ Շրեյդերը շնորհակալություն հայտնեց պարգևի համար։
Բացման արարողության ընթացքում Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը ներկաներին տեղեկացրեց, որ փառատոնի մեկնարկը տրվում է իսրայելցի մրցանակակիր կինոռեժիսոր Նադավ Լապիդի «Ահեդի ծունկը» ֆիլմով: Ավետիսյանի խոսքով՝ ֆիլմը նամակ-սիրո խոստովանություն է կինոյին ու միևնույն ժամանակ իր մեջ է պարունակում պատերազմի նյարդը։
Ի դեպ, իսրայելցի կինոռեժիսոր, Բեռլինի Ոսկե արջի դափնեկիր (Հոմանիշներ, 2019), Կաննի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակակիր (Ահեդի ծունկը, 2021) Նադավ Լապիդը նույնպես ներկա էր արարողությանը։ Կարեն Ավետիսյանը Լապիդին հրավիրեց բեմ և նրան հանձնեց «Ոսկե ծիրան»-ի «Վարպետ» մրցանակը։
Նադավ Լապիդը շնորհակալություն հայտնեց մրցանակի համար՝ խոստովանելով, որ իր համար անակնկալ էր այն ստանալը։ Նա նաև հավելեց՝ ուրախ է մրցանակը ստանալ Շրեյդերից հետո։ Ապա հավելեց՝ երեք տարի փորձում է Երևան գալ, և ահա, վերջապես, ստացվեց։ Խոստովանեց՝ ֆիլմը անդրադառնում է հետպատերազմական իրադարձություններին, սակայն չի ցանկանում, որ բոլորիս միավորեն կոնֆլիկտները․մեզ պետք է միավորի միայն սերը դեպի կինոն։
Նշենք, որ կինոտոնի աջակիցն է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
Կարծիքներ