«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում հետայսու ավելի կխստացվի միջոցառումների կազմակերպման գործընթացը

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում հետայսու ավելի կխստացվի միջոցառումների կազմակերպման գործընթացը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պահպանության ծառայությունն արձագանքել է սոցիալական հարթակներում ծավալված քննարկումներին՝ կապված «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում օրերս տեղի ունեցած հանրային միջոցառման հետ։

Պահպանության ծառայության ֆեյսբուքյան էջում ասված է․

««Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում օրերս տեղի ունեցած հանրային միջոցառման կապակցությամբ տեղեկացնում ենք, որ այն իրականացվել է՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանված կարգի, կնքվել է համապատասխան պայմանագիր։

Միջոցառումը տեղի է ունեցել արգելոցի տարածքում և ոչ աշխատանքային ժամերին։ Խստորեն պահպանվել են հուշարձանի օգտագործման պայմանները։ Հրավառությունը, պահպանելով անվտանգության կանոնները, կազմակերպվել է արգելոցի տարածքում՝ հուշարձանից անհրաժեշտ հեռավորությամբ։

Միջոցառման ընթացքում եղել է նախապես համաձայնեցված երաժշտության ժանրի և երգացանկի խախտում, ինչը մասնաճյուղի ղեկավարության միջամտության արդյունքում շտկվել է։

Այսօր՝ սահմանված ժամին, արգելոց-թանգարանը բացվել է, մասնագետների կողմից հուշարձաններին հասցված վնաս չի արձանագրվել։

Հ․Գ․ Հայտնում ենք նաև, որ հուշարձանների, արգելոցների տարածքում բարեկարգման, ենթակառուցվածքների նորոգման աշխատանքների համար անհրաժեշտ միջոցները գոյանում են ոչ միայն տոմսերի վաճառքից, այլև դրանց տարածքում միջոցառումների անցկացումից։

Հաշվի առնելով սոցիալական հարթակներում առկա արձագանքը՝ հետայսու ավելի կխստացվի միջոցառումների կազմակերպման գործընթացը»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում